Մինսկի եւ Աստանայի համար ընդունելի չի ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի Հայաստանի ներկայացուցիչը. Stratfor

Ամերիկյան «ստվերային ԿՀՎ» համարվող Stratfor հեղինակավոր վերլուծական կենտրոնն հերթական անգամ է անդրադարձել Հայաստանին՝ այս անգամ արդեն քննարկման առարկա դարձնելով ՀԱՊԿ շրջանակում Հայաստանի վիճակը, մասնավորապես՝ ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչի այդպես էլ չնշանակումը եւ Վալերի Սեմերիկովի նշանակումը որպես «Պուտինյան ՆԱՏՕ»-ի ղեկավար:

Պարբերականը գրում է, որ ամենայն հավանականությամբ՝ Մինսկը եւ Աստանան պատրաստ չեն տեսնելու այդ պաշտոնում Հայաստանի ներկայացուցչին: «Քաղաքական եւ տնտեսական ճգնաժամն Արեւմուտքում 2016-ին նոր հորիզոններ բացեց Ռուսաստանի համար, եւ Մոսկվան սկսեց ուժեղացնել իր ազդեցությունը հետխորհրդային տարածքում: Վերջին ամիսներին Մոսկվան նոր ռազմաքաղաքական համաձայնագրեր կնքեց Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի եւ Տաջիկստանի հետ, սակայն Մոսկվայի այս հաջողությունները երբեք չպետք է համարել որպես ՀԱՊԿ հաջողություններ»,- նշվում է հոդվածում՝ մանրամասնելով, որ կան մի շարք առանցքային տարակարծություններ եւ անհամաձայնություններ ՀԱՊԿ-ի ներսում, ինչի վկայությունն այն հանգամանքն է, որ արդեն երկու անգամ կառույցի անդամ պետությունները չեն կարողանում համաձայնության գալ կազմակերպության Գլխավոր քարտուղարի թեկնածության հարցում: «Դեռեւս 2015-ին ՀԱՊԿ-ում պայմանավորվեցին, որ այդ պաշտոնը ռոտացիոն սկզբունքով պետք է երեք տարին մեկ անգամ զբաղեցնի անդամ պետություններից յուրաքանչյուրի ներկայացուցիչը եւ համաձայն ռուսական այբուբենի հաջոդրականության՝ այն պետք է մեկնարկեր Հայաստանից, եւ անդամ պետությունները նախապես համաձայնել էին, որ Նիկոլայ Բորդյուժային կփոխարինի Հայաստանի ներկայացուցիչը:

Անցյալ տարվա հոկտմեբերին Երեւանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ բացակայում էր Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, իսկ դեկտեմբերին Պետերբուրգի հանդիպմանը չէր ներկայացել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, եւ նրանց բացակայությունը, որոշ տվյալների համաձայն, պատահական բնույթ չէր կրում»,- նշում է Stratfor-ը:

Մյուս կողմից՝ պարբերականը նկատում է, որ Մոսկվան ամենայն հավանականությամբ հավանություն էր տվել ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչի լինելու գաղափարին՝ որպես աջակցություն պաշտոնական Երեւանին, ինչի ապացույցը նաեւ ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ ռուսական կողմի փորձերն էր՝ ներկայանալու որպես չեզոք կողմ: Սակայն եւ Բելառուսը, եւ Ղազախաստանը սերտ հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ, եւ ոչ մեկը, եւ ոչ էլ մյուսը պատրաստ չէ եւ չի կարող ընդունելի համարել արդեն նշված պաշտոնին Հայաստանի ներկայացուցչի լինելիությունը: Իբրեւ ամփոփում՝ Stratfor–ի վերլուծաբանները գտնում են, որ առաջիկա ամիսները բարդ կլինեն ՀԱՊԿ-ի համար, քանի որ մի կողմից Գլխավոր քարտուղարի հարցը մնում է բաց, մյուս կողմից՝ օրակարգում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: «Իհարկե, Մոսկվան կարող է ներկայացնել ռուս թեկնածուի, սակայն սա հարցը չի լուծի, քանի որ առկա խնդիրները կխորանան»:

Պարբերականը եզրակացնում է, որ իբրեւ ՆԱՏՕ-ին հակակշիռ ստեղծված՝ ՀԱՊԿ-ը դժվար թե կկարողանա իրականացնել այն ամենը, որի համար ստեղծվել է Պուտինի կողմից, քանի որ թեեւ չի փլուզվի, սակայն էականորեն կթուլանա:

Թարգմանությունը՝ Արման Գրիգորյանի

Մեկնաբանություն
X