Համշենը և համշենահայությունը. համառոտ պատմություն և արդի հիմնախնդիրներ

ՀՅԴ Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնը լույս է ընծայել բանասիրական գիտությունների թկնածու Հայկազուն Ալվրցյանի «Համշենը և համշենահայությունը, արդի հիմնախնդիրները» պատմա-բանասիրական աշխատասիրությունը, որտեղ ներկայացված են Համշենի և համշենահայության համառոտ պատմությունն ու արդի հիմնախնդիրները: Գիրքը հիանալի նվեր է խնդրով զբաղվող ոչ մեծաթիվ մասնագետների, ինչպես նաև ընթերցողների լայն շրջանակի համար:

«Համամաշեն կամ Համշեն գավառի հայությունը պատմական ճակատագրի բերումով նախ սփռվեց Սև ծովի հարավային ափերին (բյուզանդական, ապա՝ օսմանյան) այնուհետև, 19-րդ դարի երկրորդ կեսից սկսած և հատկապես Հայոց ցեղասպանությունից հետո, նաև հյուսիս-արևելյան (ռուսական) ափերին:

Ազգային պետականության բացակայության պայմաններում ինքնության հիմնական ցուցիչ համարվող կրոնից, դավանանքից և եկեղեցուց բռնի հեռացումը դարերի ընթացքում ավերիչ հետևանքներ ունեցավ հայ ժողովրդի այս հատվածի համար: Իսլամացված հատվածը ոչ միայն հեռացավ իր եկեղեցուց, այլև աստիճանաբար կորցրեց լեզուն, մշակույթի, սովորույթների և ավանդույթների հիմնական մասը:

Համշենահայության մյուս հատվածը, որ անլուր զրկանքներ կրելով՝ փրկվեց կրոնափոխությունից և ապրեց որպես հայ եկեղեցու հետևորդ, 1915-1923 թթ. Ցեղասպանության տարիներին հիմնականում կոտորվեց կամ մահացավ աքսորի ճանապարհին և Դեր Զորի անապատներում: Փրկվեցին շատ քչերը, որոնք ապաստան գտան հիմնականում Ռուսական կայսրության հարավային շրջաններում՝ Եկատերինոդարի (այժմ՝ Կրասնոդար) երկրամասում և Աբխազիայում»,- գրքի ներածական մասում գրում է հեղինակը:

Այսօր էլ Համշենի հայության իսլամացած հատվածի հիմնական մասը բնակվում է իր պատմական հայրենիքում՝ Թուրքիայի սևծովյան ափերի Արդվինի, Ռիզեի, Տրապիզոնի, Կիրասոնի, Օրդուի, Սամսունի և հարակից մի շարք այլ նահանգներում: Համշենահայերի թիվը մեծ է Թուրքիայի խոշոր քաղաքներում՝ Ստամբուլում, Անկարայում, ինչպես նաև Ադանայում և Սպերում, իսլամացած համշենահայերը անցել են նաև Գերմանիա, համայնքներ ունեն Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, միջինասիական երկրներում և այլուր:

Հեղինակի վկայությամբ՝ համշենահայերի երկու հատվածների մասին այսօր շատ քիչ բան գիտեն ոչ միայն հիմնական շահագրգիռ կողմերը՝ հայերն ու թուրքերը, այլև իրենք՝ համշենցիները: Եվ այս աշխատության նպատակներից մեկն էլ հայ ժողովրդի այդ հատվածի պատմության դրվագներն ի մի բերլն է, ինչը կօգնի ընթերցողին ընդհանուր պատկերացում ունենալ համշենահայության անցած պատմական բարդ ու հակասական ճանապարհի մասին:

Գրքում անդրադարձեր կան Ռուսաստանում հաստատված համշենահայերի հոգևոր, կրթական և մշակութային կյանքին, մամուլին ու լրատվությանը: Առանձին գլխում տրված են կրոնափոխ համշենցիների բնակության վայրերն ու խմբերը: Նույն գլխում խոսվում է նաև նրանց թվի, թեմային առնչվող թուրքական պաշտոնական պատմագրության, կրոնափոխ համշենցիների ինքնության հարցերի մասին:

Գրքի պատասխանատու խմբագիրն է պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանը:

Էդիկ Անդրեասյան

Մեկնաբանություն
X