Զինված հարձակում Վրաստանի նախագահի փեսայի վրա

Թբիլիսիի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի փեսայի վրա իրականացված զինված հարձակման միջադեպի առնչությամբ, որի ընթացքում վիրավորվել է Մարգվելաշվիլիի փեսա Մինդիա Գոգոչուրին:

Վերջինս Վրաստանի առաջին տիկին Մաքի Չիչուայի դստեր ամուսինն է: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»: Միջադեպը տեղի է ունեցել Բալանչիվաձե փողոցում, որտեղ ներկայումս քննչական գործողություններ են իրականացնում իրավապահները եւ քրեագետները: Ըստ "Рустави 2"-ի՝ հարուցվել է քրեական գործ մարդու առողջությանը զենքի գործադրմամբ կանխամտածված թեթեւ վնաս հասցնելու եւ ապօրինի զենքի շրջանառության հոդվածով:

Նշենք, որ անցյալ տարվա հուլիսին Մարգվելաշվիլին հայտարարել էր, որ իր ազգականները ճնշումների են ենթարկվում ոստիկանության կողմից: Այս հայտարարությունից հետո Մինդիա Գոգոչուրին կանչվել էր հարցաքննության: Ցուցմունքներ տալու համար հրավիրվել էր նաեւ վերջինիս մտերիմ Միխեիլ Թաթարաշվիլին: Մարգվելաշվիլիի հայտարարության համաձայն՝ ոստիկանությունը առանց դատարանի սանկցիայի խուզարկություններ էր իրականացրել իր փեսայի բնակարանում, որից հետո ոստիկանության որոշ աշխատակիցների դեմ քրեական գործ հարուցվեց լիազորությունների գերազանցման հոդվածով:

Նշվում է, որ զենքը, որով կրակել են Մարգվելաշվիլիի փեսայի վրա, հայտնաբերել դեռեւս չի հաջողվել:

Մեկնաբանություն
X