Վարորդները դժգոհ են, նախարարը՝ գոհ

ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը գոհ է նորակառույց «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու որակից։ Բայց նաև չի ժխտում, որ կառուցումից հետո որակական ինչ-ինչ խնդիրներ են առաջացել այս ընթացքում ճանապարհի տարրբեր հատվածներում, որոնք հետագայում շտկվել են։ Նկատենք, որ «Հյուսիս-հարավը» բաժանված է մի քանի տրանշների, ասել է թե՝ հատվածների, և ամեն տրանշ մի ընկերություն է կառուցում․ այս պահին երկու ընկերություն է զբաղվում ճանապարհի շինարարությամբ՝ իսպանական «Կորսան կորվիամ»-ը և չինական «Սինոհիդրոն»։

«Որակական առումով տպավորություններս դրական են, կան հատվածներ, որտեղ եղել են պրոբլեմներ, ես անձամբ եմ եղել այնտեղ, և վերահսկողները վերահսկում են։ Ցանկացած շինարարության մեջ կարող է լինել ինչ-որ փոքր հատված, որը կատարվի անորակ, բայց դրանք կոնկրետ հանվել են և նորից են կառուցվել»,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում պատասխանելով Hraparak.am-ի հարցին՝ ասաց նախարար Մարտիրոսյանը։

Հարցրինք նաև՝ արդյոք «Հյուսիս-հարավին» հարող հողատարածքների կադաստրային արժեքի փոփոխություն սպասվու՞մ է, քանզի դրանք կարող են արդեն տնտեսական լուրջ նշանակություն ունենալ, օրինակ՝ առևտրային օբյեկտներ կկառուցվեն դրանց վրա։ Նախարարն ասաց, որ կադաստրային արժեքը չի բարձրացվի, բայց նշեց, որ աշխատանքներ տարվում են այդ ուղղությամբ, թե քանի կիլոմետրը մեկ պետք է լինի բենզալցակայան կամ գազալցակայան, սննդի օբյեկտներ և այլն։

Ի դեպ, «Հյուսիս-հարավով» երթևեկելու առավելագույն արագությունը 100 կմ/ժ է։ Հարցրինք նախարարին՝ նորմա՞լ է, որ միջազգային չափանիշներով կառուցված միջպետական ճանապարհին առավելագույն արագությունը ընդամենը 100 կմ/ժ է։ Այդ արագությամբ մինչ այդ էլ էին վարորդները երթևեկում․ 90 կմ/ժ էր սահմանված, մինչև 100 կմ/ժ կարող էին վարել։ Հետևաբար, արժե՞ր, արդյոք, այդ 10 կմ/ժ-ի համար այդքան ծախս անել ու նոր ճանապարհ կառուցել։ Վահան Մարտիրոսյանն ասաց, որ դա միայն 10 կմ/ժ-ի համար չէ․ «Իհարկե, միջին արագությունը բարձրանում է՝ հասնելով 90-100 կմ/ժ-ի, իսկ այսօրվա ճանապարհների միջին արդագությունն այդքան չէ։ Բացի դրանից՝ թողունակության հարցն է։ Իսկ այդ սահմանափակումը կապված է նաև անվտանգության հետ»։

Հարցրինք նաև՝ ինքն իր մեքենայով երբ անցնում է այդ նորակառույց բետոնապատ ճանապարհով, իրեն հարմարավետ զգու՞մ է, արդյոք անհարմարություններ, խորդուբորդություններ չի զգու՞մ։ «Ես նույնիսկ այն հատվածում, որտեղ որ հիմա նոր կառուցվել է, ես անձամբ իմ մեքենայով, ինքս նստել եմ ղեկին, երթևեկել եմ և որակից գոհ եմ»,-ասաց նա։

Հ․ԳՆշենք, որ հակառակ նախարարի տպավորության՝ այդ ճանապարհով ամեն օր երթևեկող վարորդները շատ են դժգոհում ճանապարհի որակից։ Բացի կահավորանքից և այլ ատրիբուտներից, վարորդները հատկապես դժգոհ են բետոնապատ ճանապարհի անհարթություններից։ Ճիշտ է, բետոնապատ ճանապարհը, ասֆալտի համեմատ, մի փոքր չոր է, բայց դա չի նշանակում, որ նոր սարքած ճանապարհի վրա պետք է խորդուբորդություններ, անհարթություններ լինեն։ Անզեն աչքով նայում ես այդ ճանապարհին, թվում է՝ ամեն ինչ հարթ է, մեքենայով անցնում ես, քեզ թվում է՝ փոսերի վրայով ես երթևեկում։ Միայն բարձր դասի, փափուկ կախոցներ ունեցող մեքենաներն են, որ կարող են հնարավորինս հարմարավետ ընթացք ապահովել անհարթ ճանապարհներին։

Իսկ նախարար Վահան Մարտիրոսյանի մեքենան հենց այդպիսին է՝ նախավերջին սերնդի Mercedes S 500, որն աշխարհի ամենափափուկ ընթացքով մեքենաներից է, և ունի Airmatik տեսակի պնևմատիկ կախոցներ, որոնք կլանում են ճանապարհի ցանկացած անհարթություն։ Այ, որ պարոն Մարտիրոսյանը մեկ անգամ իջնի իր Mercedes S-Class-ից և նույն ճանապարհով անցնի, օրինակ, ուղևորատար «Գազել»-ով, անգամ ավելի ցածր դասի Mercedes-ով կամ Opel-ով, թերևս նույն դրական տպավորությունը չստանա։ Իսկ Հայաստանում բոլորը չէ, որ S-Class-ով կամ այլ բարձրակարգ մեքենաներով են երթևեկում։ Պարոն Մարտիրոսյանը վստահաբար երթևեկած կլինի նաև Ռուսաստանի կամ Եվրոպայի այլ նմանատիպ բարձրակարգ ճանապարհներով և տարբերությունը՝ «Հյուսիս-հարավի» համեմատ, զգացած կլինի։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X