Կառավարությունը «հակակոռուպցիոներների» մրցույթ կհայտարարի

Անցյալ տարվա դեկտեմբերի 29-ին կայացած կառավարության վերջին նիստի ժամանակ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հայտարարեց, որ Հասարակական կազմակերպությունների առաջարկությունների հիման վրա փոփոխություններ կկատարվեն Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմում՝ նրանում ներառելով քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների առավել մեծ թիվ: Միաժամանակ կմեղմացվեն հասարակական կազմակերպություններին ներկայացվող չափանիշները: Նախարարի խոսքով՝ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմում կընդգրկվեն նաեւ մասնավոր (բիզնես) հատվածը ներկայացնող ՀԿ-ների ներկայացուցիչներ: «Հաշվի առնելով նաեւ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում տնտեսության զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության առանցքային հիմնախնդիրները՝ Խորհրդի կազմում ընդգրկվելու են նաեւ համապատասխան մարմինների ղեկավարները: Առաջարկվող փոփոխություններն ուղղված են Խորհրդի հանրային հաշվետվողականության եւ գործունեության թափանցիկության բարձրացմանը»,-հայտարարել էր նախարարը։

Արդարադատության նախարարությունից հետաքրքրվեցինք, թե ինչ նորության կա այս մասով, արդեն հայտեր ներկայացվե՞լ են, ի՞նչ նոր մարդիկ են ընդգրկվել հակակոռուպցիոն խորհրդի կազմում։ Պարզվեց՝ դեռ նորություն չկա։ Նախարարությունից ասացին, որ «ՀՀ կառավարության աշխատակազմը Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմում քաղհասարակության եւ մասնավոր հատվածը ներկայացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ ընդգրկելու նպատակով առաջիկայում կհայտարարի հայտեր ներկայացնելու համապատասխան մրցույթ եւ, ըստ ընթացակարգի, կկատարի ընտրությունը»։ Բայց հայտնի է արդեն, որ խորհրդի կազմում կլինեն Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը եւ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը՝ որպես վերը նշված համապատասխան ոլորտների ղեկավարներ։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X