Ամենուրեք նույն վիճակն է

Հայտնի ճարտարապետներից մեկը հերթական դիտարկում-դիտողությունն է անում ժուռնալիստիկայի ոլորտում տիրող անմխիթար վիճակի մասին, ինչին ի պատասխան ես նկատում եմ՝ «մի՞թե ճարտարապետության ոլորտում ավելի բարվոք վիճակ է»։ Հարցս հարգված ճարտարապետի «կոշտուկն» է տրորում, եւ նա կամաց բացում է իրենց «խոհանոցն» իմ առաջ։ Իհարկե, վիճակն անմխիթար է նաեւ ճարտարապետության ոլորտում՝ պատվերներ չկան, մարդիկ անգործ նստած են։ Մեծ արվեստանոցի ղեկավար զրուցակիցս ասում է․ «Ամեն ամսվա 30-ն իմ ամենատխուր օրն է՝ չգիտեմ մյուս օրն ինչպես եմ աշխատավարձ տալու»։ Բարեբախտաբար, ճարտարապետությունն այն ոլորտն է, որն աշխատում է ոչ միայն ներքին շուկայի համար, այլեւ դրսից պատվերներ ստանալու հնարավորություններ էլ ունի։ Օրինակ, վերջերս, որքան էլ տարօրինակ հնչի, Եթովպիայից մեծ պատվեր են ստացել եւ հաջողությամբ իրականացրել։ Իսկ եթե ներսում պատվերներ են ունենում, ապա բախվում են մասնագետների պակասի հետ։ Թվում է՝ շինարար, կառուցող ազգ ենք, բայց տարրական մասնագետների պակաս կա շինարարության ոլորտում։ Ասենք, շաբաթներ շարունակ փնտրել են գիպսե թեթեւ կոնստրուկցիաներ հավաքող մասնագետների, նաեւ վարպետ քարտաշների խիստ պակաս կա։ Լավ մասնագետները չվել-գնացել են երկրից ու Սիբիրի հեռուներում գոմեր են սարքում, իսկ մնացողների մեջ էլ քիչ չեն փինաչիներն ու գլուխ պահողները։ Այնպես որ, որեւէ կառույցի պատվեր ստանալը, ապա գծելն ու բարեհաջող իրականացնելը հիմա Հայաստանում հեշտ բան չէ։ Պետությունն այլեւս խոշոր պատվերներ չի տալիս, մասնավորներն էլ իրենց ճաշակն ու կամքն են թելադրում՝ երբեմն ճարտարապետական սկզբունքներին ու կանոններին հակասող։ Արդյունքում, ճարտարապետության ոլորտը ոչ թե ծաղկում է, այլ մի կերպ գոյատեւում։

Մեկնաբանություն
X