Պոգբան Մանչեսթերի գլխացավանքը

Եթե քեզ համար աշխարհի ամենաանվանի, մեծ ավանդույթներ ունեցող ակումբը ռեկորդային գումարներ է վճարում, ուրեմն միանշանակ սպասումներն էլ եթե անգամ ռեկորդային չեն, ապա չափազանց մեծ են, և ոչ միայն նման ահռելի գումարներ վճարած ղեկավարության համար, այլև առաջին հերթին երկրպագուների, որոնք ակնկալում են ֆանտաստիկ խաղ, ֆանտաստիկ ֆուտբոլ:

Այս պահի դրությամբ Մանչեսթեր Յունայթեդի կիսապաշտպան Պոլ Պոգբայի ցուցադրած ֆուտբոլ մեղմ ասած չի համապատասխանում այդ ահռելի գումարների չափին… գումարներ՝ որոնց անկախ ցուցադրած խաղի որակից տիրանում է 23 ամյա ֆրանսիացին:

Հունվարի 15-ին Մանչեսթեր Յունայթեդ – Լիվերպուլ հանդիպման ժամանակ մի պահ այնպիսի տպավորություն էր՝ ասես Պոլ Պոգբան կամ խաղում է հակառակորդ թիմի օգտին, կամ էլ առհասարակ կորցրել է իրականության զգացողությունը: Նախ սեփական տուգանային հրապարակում փնթիության վերջին աստիճանի ձեռքով խաղը, որից հետո նշանակվեց 11 մետրանոց և հյուրեր բացեցին խաղի հաշիվը: Եվ ապա ողջ խաղի ընթացքում մեկը մյուսի հետևից գնդակի կորուստ, հարձակումների, հակագրոհների տեմպի նվազեցում, հապաղում, մեկը մյուսի հետևից ձախողված դրիբլինգներ, մտքի տկարություն, աղքատիկ երևակայություն, դանդաղաշարժությունը: Եվ այսպես շարունակ մենք համարձակորեն կարող ենք թվել Պոգբայի այս թերություններին հաջորդող մնացած թերությունները: Այս արատների շքերթը հենց Մանչեսթեր Յունայթեդ–Լիվերպուլ հանդիպմանը պարզորոշ կերպով տեսանելի դարձավ՝ ողջ էությամբ:

Եկեք անկեղծ լինենք և ասենք, որ 23 ամյա ֆուտբոլիստը կարծես չի դիմանում ոչ իր աստեղային համբավին, ոչ այն մեծ ակնկալիքների ծանրությանը. չի դիմանում, որը ինչ խոսք չափազանց մարդկային է՝ հաշվի առնելով նրա տարիքը, ուշադրության այն հսկայական ծավալը, որի քաղցրությունը ճաշակում է Պոգբան: Պարզ է, որ նրանից երկրպագուները շոու են ակնկալում, աճպարարություններ: Պոլը փորձում է կյանքի կոչել դրանք, բայց թվում է չափից դուրս ուղիղ է հասկացել ամեն ինչ: Եվ ահա ֆուտբոլ՝ իսկական ֆուտբոլ խաղալու փոխարեն հիրավի աճպարարությունների է դիմում՝ ասենք ամեն խաղից առաջ կարող է փոխել և փոխում է սանրվածքի ձև, երբ դաշտում ստանում է գնդակը պարտադիր փորձում է հասկացնել, որ ինքը Պոլ Պոգբան է, միակը, բացառիկը, ոսկեձույլ աստղը: Իհարկե ամեն ինչ շատ կարճ է տևում, որովհետև Պոլ Պոգման մոռանում է, որ սա Պրեմիեր Լիգան է, որ Պրեմիեր Լիգայում ամեն խաղ կենաց-մահու պայքար է և հանդես եկող ակումբների ֆուտբոլիստների, գրեթե յուրաքանչյուրի համար միևնույնն է, թե ում որքան փող են վճարել, թե, ով ինչ մետաղից է ձուլված: Այստեղ ֆուտբոլիստները դուրս են գալիս խաղադաշտ, որպեսզի ապացուցեն, հաստատեն իրենց հարգը յուրքանչյուր խաղում և եթե մի քանի խաղ անընդմեջ դա չի հաջողվում նշանակում է գործերը լավ չեն ընթանում և շուտով հայտնվելու են փոխարինողներ, որոնք ավելի համառ են, ավելի աշխատասեր:

Պրեմիեր լիգան մյուսներից տարբերվում է հենց սրանով, որով էլ աշխարհում լավագույնի համարում ունի: Այս մրցաշրջանում Պոլ Պոգբան քանիցս փայլուն խաղ է ցուցադրել՝ դառնալով գեղեցիկ գոլերի և գոլային փոխանցումների հեղինակ: Սակայն ինչ խոսք դա շատ քիչ է. քիչ է քանի որ թերևս այդչափ էլ ֆրանսիացին խաղեր է ձախողել: Այնուամենայնիվ եկեք ամեն ինչ Պոգբայից չպահանջենք: Պոգբայի վատ խաղի համար ըստ իս պատասխանատվություն է կրում գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն: Թվում է Մուորինյոն ընդհանրապես խաղից առաջ ու խաղից հետո չի զրուցում Պոգբայի հետ, համենայն դեպս շարունակաբար Պոգբան անվերջ անդադար կրկնում է նույն սխալները: Եվ այս պարագայում ի՞նչն է Մոուրինյոյին հետ պահում, որ նա ասենք փոխարինի ֆրանսիացուն, կամ մի քանի անգամ նստեցնի պահեստայինների նստարանին, որպեսզի Պոգբան գոնե մի փոքր թոթափի աստեղային փոշին ու դաշտ դուրս գա, ոչ թե սեթևեթելու այլ իսկական ֆուտբոլ խաղալու համար:

Փաստացի այս պահին Մոուրինյոն Պոգբային անձեռնմխելի ֆուտբոլիստ է համարում և աչք է փակում նրա կողմից թույլ տված բոլոր կոպիտ սխալների վրա և ուրեմն հենց դրանով էլ կասկածի տակ դնում իր մասնագիտական բարձր որակները:

Զավեն Մխիթարյան

Մեկնաբանություն
X