Քաղաքականություն

Վտանգավոր իրավիճակ

Հայաստանն զգուշորեն, վախվորած քայլերով ու տագնապը սրտում գնում է դեպի պառլամենտական ընտրություններ։ Մի կողմից մտավախությունները, որ այս ընտրակարգը, զուտ պրոցեսի առումով, շատ բարդ է լինելու եւ ընտրողների մի հսկա հատվածի համար անհաղթահարելի, մյուս կողմից անհանգստությունները, որ նոր Ընտրական օրենսգիրքն «անկտրել ձմերուկ է»՝ մեկ էլ տեսար խակ դուրս եկավ, հանգիստ չեն տալիս քաղաքական դաշտին։ Շփոթի մեջ են ոչ միայն իշխող կուսակցության անդամները, որոնք դեռ չգիտեն ցուցակում ինչ տեղ են զբաղեցնելու, ռեյտինգայինով առաջադրվելու են, թե ոչ, այլեւ ԲՀԿ-ն, որի աչքը ջուր կտրեց Գագիկ Ծառուկյանին սպասելով, ՀԱԿ-ը, որը չգիտի որքանով է ճիշտ առանց դաշնակիցների ընտրությունների գնալը, ՀՅԴ-ն, որը չի պատկերացնում, թե կոալիցիա մտնելն ինչպես է ազդել իր իրական ռեյտինգի վրա, Նիկոլ Փաշինյանի «Քաղպայմանագիրը», որը դեռեւս չի հասկանում, թե ինչ շահեց եւ ինչ կորցրեց «Լուսավոր Հայաստանի» եւ «Հանրապետության» հետ միավորվելով։ Նույնքան չկողմնորոշված է նաեւ Վարդան Օսկանյանի «Համախմբումը», որն ում հետ ասես այս օրերին հանդիպում է, եւ Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգությունը», որտեղ մնացածներին՝ բոլորին, թվում է, թե Րաֆֆին հենց իր մտածածն է բարձրաձայնելու, եւ իր առաջարկն է անցնելու։ Իր նախընտրությունների մեջ դեռ չի որոշակիացել նաեւ Սեյրան Օհանյանը, որն իշխանությունից դուրս գալուց եւ 1-2 անհասկանալի հայտարարություն անելուց հետո անսպասելիորեն վերածվել է «ցանկալի փեսացուի», որի կողմն են ձգտում եւ նախկին արտգործնախարարները, եւ ազատամարտիկները, եւ պրոռուսական մութ պրոյեկտները։ Այս շփոթված, չկողմնորոշված, անծրագիր ու անղեկ քաղաքական դաշտն էլ երազում է մտնել խորհրդարան ու կառավարել մեր պետության երերացող նավակը։

Մեկնաբանություն
X