Լավ կլինի՝ Հենրիխ Մխիթարյանը բացատրի ընտրության կարգը

Օրերս հրապարակվեց ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի զեկույցը՝ ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։ Զեկույցում ԵԱՀԿ փորձագետները զրուցել են ոլորտի տարբեր ներկայացուցիչների հետ եւ ամփոփել նրանց գնահատականները։ Մասնավորապես, հետաքրքիր է զեկույցում տեղ գտած այն միտքը, որ իրենց զրուցակիցները քննադատել են ընտրական բարդ համակարգը։ «Նոր ընտրական համակարգը բարդ է, ընդհանուր առմամբ, 101 պատգամավորներ ընտրվում են երկաստիճան համամասնական համակարգով՝ կուսակցական ցուցակներով եւ 13 ընտրական տարածքների ցուցակներով»,-ասված է զեկույցում։

Նշենք, որ ընտրական համակարգի բարդությունից բացի՝ դժգոհություններ կան նաեւ բուն քվեարկության մեխանիզմի բարդության հարցում։ Համացանցում եւ հեռուստաեթերում արդեն պտտվում է այն մուլտ-տեսահոլովակը, թե ինչպես պետք է ընտրողը կատարի քվեարկություն։ Տեսահոլովակում նախ հիշեցվում է, որ յուրաքանչյուրիս պարտքն է՝ մասնակցել ընտրության, հետո ներկայացնում, թե ինչ պրոցեդուրաների միջով պետք է անցնի ընտրողը, մինչեւ իր վերջնական ընտրությունը կատարելը։ Նախ պետք է անձը հաստատող փաստաթուղթն անցկացնի հատուկ տեխնիկական սարքավորման միջով, որը նորություն է։ Ի դեպ, տեսահոլովակից պարզ է դառնում, որ մատնահետք չի վերցվելու, ինչի մասին այդքան խոսում էին։ Եթե վառվում է կանաչ լույսը, ապա սարքը տպում է կտրոն։ Ընտրողը վերցնում է կտրոնը, մոտենում հանձնաժողովի համապատասխան անդամին, տալիս կտրոնը։ Հանձնաժողովի անդամը ցուցակում գտնում է ընտրողի անունը, ապա իր անհատական կնիքը դնում ընտրողի ստորագրության դիմաց եւ կտրոնի վրա։ Դրանից հետո պետք է մոտենալ հանձնաժողովի մյուս անդամին, ներկայացնել կտրոնը, ստանալ ծրարն ու քվեաթերթիկները, որոնք լինելու են մասնակից կուսակցությունների/դաշինքների քանակով։ Մինչ այդ մեկ քվեաթերթիկ էր՝ վրան նշված բոլոր թեկնածուների անունները։ Հաջորդ քայլն այդ քվեաթերթիկներով ու ծրարով քվեախուց մտնելն է։ Այստեղ ընտրողը պետք է ընտրի այն կուսակցության քվեաթերթիկը, որին կողմ է։ Քվեաթերթիկի առաջին էջում նշված են լինելու տվյալ կուսակցության կամ դաշինքի ցուցակի առաջին երեք համարների անունները։ Այստեղ որեւէ նշում պետք չէ կատարել։ Երկրորդ էջում տարածքային կամ, ինչպես ընդունված է ասել, ռեյտինգային ցուցակով թեկնածուների անուններն են։ Այստեղ արդեն պետք է նշում կատարել այն անձի անվան դիմաց, որին ցանկանում ենք տեսնել որպես տվյալ տարածքից ընտրված պատգամավոր։ Այնուհետեւ այդ քվեաթերթիկը պետք է դնել ծրարի մեջ՝ առանց ծալելու, իսկ չօգտագործված քվեաթերթիկները գցել հատուկ արկղի մեջ։ Վերջում ընտրողը ծրարն ու կտրոնը ձեռքին մոտենում է քվեատուփին։ Այստեղ հանձնաժողովի անդամը, առանց ծրարն ընտրողի ձեռքից վերցնելու, ծրարի՝ նախապես կտրվածք արված հատվածից երեւացող քվեաթերթիկի վրա դնում է հատուկ դրոշմակնիք, ու նոր ընտրողը ծրարը գցում է տուփի մեջ։

Ահա այսպիսի բարդ գործընթաց, քայլերի հաջորդականություն է պահանջվում ընտրողից՝ սահմանված կարգով ընտրություն կատարելու համար։ Ու պատկերացնել միայն կարելի է, թե ինչպես են այս ամենից գլուխ հանելու տարեցները, գրագիտության կամ արագ կողմնորոշվելու հետ խնդիր ունեցող մարդիկ, անգամ երիտասարդ, կիրթ ու գրագետ քաղաքացիները կկարողանա՞ն յուրացնել այս ամբողջը, թե՞ ոչ։

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ընդունում է, որ, ընդհանուր առմամբ, իհարկե, գործողությունները շատացել են։ «Բարդությունն այն է, որ ընտրողից պահանջվում է լրացուցիչ ճիգ, լրացուցիչ չգիտեմ ինչ։ Բայց էս պարագայում քայլերի հաջորդականության մեջ մենք ունենք ընդամենը մեկ-երկու քայլ ավել»,-ասաց նա՝ նշելով, որ իրենք այս պահին ավելի շատ մտածում են ոչ թե բարդության, այլ լուծումներ որոնելու մասին, որպեսզի կարողանան քաղաքացուն լիակատար պատրաստել, մարդուն իրավական գիտելիքներով զինել մինչեւ քվեարկությունը։ Դրա համար էլ պատրաստել ու տարածում են այս տեսահոլովակը։ Մեր հարցին՝ սա այն արդյունավետ մեխանի՞զմն է, որը կբացառի ընտրակեղծիքները, Մուկուչյանը չցանկացավ որեւէ գնահատական հնչեցնել։ Միայն նշեց, որ ԸՕ մեխանիզմներն ընտրվել են հենց այն հաշվով, որպեսզի ընտրական գործընթացն ընթանա լիակատար հանրային վերահսկողությամբ, եւ բացառվեն ամեն տեսակի իրավախախտումները։

Այսինքն, առանց կեղծիքների ընտրություն անցկացնելու համար նման բարդ մեխանիզմնե՞ր են հարկավոր, թե՞ ավելի շատ չկեղծելու քաղաքական կամք եւ ցանկություն։ Մուկուչյանը կարծում է, որ երկուսն էլ շատ կարեւոր են։ Իսկ եթե մինչեւ քվեարկության մտնելը քաղաքացուն կաշառում են, որ ձայնը տա իրենց ուզած թեկնածուին կամ կուսակցությանը, այսինքն՝ փաստացի նա ինքն իր գիտակցության մեջ արդեն այդ կեղծիքը կատարած է մտնում քվեարկության, արդյոք այս բարդ մեխանիզմները որեւէ օգուտ կտա՞ն։ Մուկուչյանը դժվարացավ ուղիղ պատասխան տալ այս հարցին․ «Էսպես ասեմ․ ամեն դեպքում մեխանիզմը տալիս է հնարավորություն, որպեսզի որեւէ մեկից գաղտնի ինքներդ իրականացնեք ձեր քվեարկությունը»։

ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի հետ շփվող կազմակերպություններից մեկի՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանն էլ, համաձայնելով մեր նկատած բարդությունների հետ, նշեց, որ այդ զեկույցում իրականում միայն մեկ խնդիր է տեսնում։ «Այն է, որ իրենք համարում են, որ Ընտրական օրենսգիրքը լայն կոնսենսուսով է ընդունվել»,-ասաց նա։ Հիշեցնենք, որ Իոաննիսյանի ղեկավարած ՀԿ-ն մի քանի այլ ՀԿ-ների հետ, որոնք մասնակցում էին «4+4+4» ձեւաչափով կոնսենսուսային քննարկումներին, վերջին պահին հրաժարվեցին ստորագրել փաստաթղթի տակ։ Այն ստորագրվեց միայն ընդդիմադիր չորս ուժերի եւ իշխանության միջեւ։ Ինչ վերաբերում է բուն ընտրական գործընթացի բարդությանը, Դանիել Իոաննիսյանն ասաց, որ այսօր տեղի է ունեցել ընտրության կարգի խիստ արմատական փոփոխություն։ «Ո՞նց են ընտրողները դա հասկանալու, ես չեմ պատկերացնում։ ԿԸՀ-ն ԵԱՀԿ-ի աջակցությամբ տեսանյութեր է պատրաստում, բայց ես իրոք մտավախություն ունեմ, որ տեղամասերում այդ օրը կլինի սովորական բառդակ»,-նշեց Դանիել Իոաննիսյանը։

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն էլ այս հարցին անդրադարձավ սարկազմով։ Նա նախ նկատեց, որ օրենքն իսկապես շատ բարդ է, եւ ժողովուրդն էլ դեռ նորմալ չգիտի՝ նախագահի՞ ընտրություն է, վարչապետի, Ազգային ժողովի՞, թե՞ «իրենց տղերքին են ընտրում»։ Հետո, անդրադառնալով տարածված ուսուցողական տեսանյութին, սարկազմով նկատեց․ «Քանի որ ժողովուրդը երկու բան է նայում հեռուստացույցով՝ սերիալներ եւ «Մանչեսթեր Յունայթեդի» խաղերը, որովհետեւ Հենրիխ Մխիթարյանն է խաղում, ես առաջարկում եմ այդ բացատրական նյութերը սերիալում կամ «Մանչեսթերի» խաղերում դնել։ Լավ կլինի, օրինակ, սերիալի դերասանները կամ Հենրիխ Մխիթարյանն այս ամենը բացատրեն, մեծ ուշադրությամբ ժողովուրդը կնայի»։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X