Երեք դաշինք

Երեկ վերջապես հնչեց Գագիկ Ծառուկյանի երկար սպասված հայտարարությունը՝ նախապես հայտարարված ժամին «Կենտրոն» հեռուստաընկերությամբ նա հայտարարեց, որ բացում է 2015-ի փետրվարին փակված էջը եւ պատրաստվում է նորից մասնակցել խորհրդարանի ընտրություններին։ ԲՀԿ-ում սկսվեց էյֆորիայի ու զվարթության շրջանը։ Հանրությունը դեռ կհասցնի զարմանալ ու զայրանալ, ոգեւորվել ու հրճվել, բայց քաղաքական գործընթացներին հետեւող մարդիկ դեռ չէին հասցրել ուշքի գալ այս հայտարարությունից, երբ հայտարարվեց երկրորդ դաշինքի ստեղծման մասին։ Առաջինը, եթե հիշում եք, Նիկոլ Փաշինյան-Էդմոն Մարուքյան- Արամ Զ․ Սարգսյան եռյակի «Ելքն» է, երկրորդը պայմանականորեն անվանենք Սեյրան Օհանյանի դաշինք, որտեղ միավորվել են Վիկտոր Դալլաքյանի «Երրորդ հանրապետություն», Վարդան Օսկանյանի «Համախմբում» եւ Արամ Գասպարի Սարգսյանի Հայաստանի դեմոկրատական կուսակցությունները։ Առաջին հայացքից միավորվող կուսակցությունների «քաշային կատեգորիաները» տարբեր են։ Եթե կուլիսային գործընթացների վրա աչք փակենք, ապա մի ամիս առաջ ստեղծված կուսակցությունը եւ մեկ մարդու կուսակցությունը չպետք է հավակնեին միանալ քաղաքական ուղի անցած անձանց հետ, ինչպիսիք Օսկանյանն ու իր թիմն են, բայց քանի որ այստեղ նկատելի է ռուսական հետքը, ինչպես նաեւ քոչարյանական թիմի հեռուն գնացող ծրագրերը, ուստի միավորվողները բավականին մերձ են միմյանց՝ ինչպես գաղափարներով, այնպես էլ Հայաստանի իրենց տեսլականով։ Արդեն իսկ կարող ենք արձանագրել, որ դաշտում կգործի 3 դաշինք՝ Նիկոլ Փաշինյանի, Սեյրան Օհանյանի եւ Գագիկ Ծառուկյանի լիդերությամբ։ Դեռեւս անորոշ է վերջին դաշինքի «բովանդակությունը»։ Կարծում ենք՝ առաջիկա օրերին այն եւս կգաղտնազերծվի եւ հասանելի կդառնա հանրությանը։

Մեկնաբանություն
X