Ինտրիգային մարդ չեմ, ուստի բեմի ետևում մնացած մրցութային թեմաները ինձ համար շատ անհետաքրքիր էին

>

Հոկտեմբերի 1-ից շուրջ երեք ամիս Հայաստանի Հանրային հեուստաընկերության եթերում հեռարձակվում էր «Դեպի Եվրատեսիլ» երաժշտական նախագիծը: Նախագծի նպատակն էր ընտրել Եվրատեսիլ 2017-ի Հայաստանի ներկայացուցչին: Մրցույթի մասնակիցներից էր նաև երգչուհի Մարթա Կիրակոսյանը, ով հաղթահարեց նախորդ բոլոր փուլերը և հասավ եզրափակիչ փուլ: Hraparak.am-ը այս եւ այլ թեմաներով զրուցել է երգչուհու հետ։

-Մա՛րթա, «Դեպի Եվրատեսիլ» նախագծին Ձեր մասնակցությունն ի՞նչ տվեց Ձեզ:

-Մրցույթի ընթացքում ես, առաջին հերթին, մեծ բավականություն և հաճույք ստացա թե՛ աշխատանքային, թե՛ մրցութային օրերից: Դա նաև լավ հնարավորություն էր շփվելու շատ բարի և լավ հանդիսատեսի հետ: Ես ուրախ եմ, որ նրանք սիրեցին և գնահատեցին իմ արվեստը:

-Մրցույթին Ձեր մասնակցությունը առավելապես ի՞նչ էր ակնկալում՝ հաղթանա՞կ, թե՞ այլ ակնկալիք ունեիք այդ մրցույթից:

-Ես երբեք հաղթանակ չեմ ակնկալել: Ես պարզապես ցանկանում էի ավելի երկար մնալ նախագծում, որպեսզի մրցութային օրերին կարողանամ երգել ինձ համար սիրելի երգեր, ինչպես նաև ներկայացնեմ հետաքրքիր շոուներ:

-Կարո՞ղ ենք ասել, որ մրցույթին Ձեր մասնակցությունը Ձեզ բերեց ճանաչում լայն զանգվածների շրջանակում:

-Կարծում եմ՝ այո:

-Դուք ուժեղագույններից էիք այդ նախագծում: Իսկ կա՞ր մասնակից, որին Դուք էիք երկրպագում:

  • Շնորհակալ եմ գնահատանքի համար: Ինչ վերաբերում է Ձեր հարցին, պետք է ասեմ, որ նախագծում կային շատ տաղանդավոր և արժանի մասնակիցներ, որոնք կարող էին ավելի երկար մնալ նախագծում, և ինչու չէ՝ նաև հաղթել:

- Ակնկալո՞ւմ էիք, որ կհասնեք մինչև եզրափակիչ փուլ:

-Քանի որ մրցույթները շատ անկանխատեսելի են, ուստի ես ամեն փուլում պատրաստ եմ եղել դուրս մնալու:

-Ի՞նչ տվեց Ձեզ Անուշ Արշակյանի հետ աշխատանքը: Ունեի՞ք նախընտրությունների հարցում տարաձայնություններ՝ կապված երգերի ընտրության հետ, և ինչպե՞ս էիք համաձայնության գալիս:

-Մրցութային օրերին կատարածս երգերը հիմնականում իմ ընտրությունն են եղել: Իհարկե՝ որպես վերջնական կարծիք՝ հարցրել եմ մարզչիցս: Երգերի փոփոխությունները և cover-ային տարբերակները նույնպես ինքս եմ արել: Իսկ մրցութային օրերից մեկում իմ ու Անուշի կողմից կատարած երգը, որը տարիներ առաջ գրել է Արթուր Գրիգորյանը, ամբողջությամբ վերափոխել էր Անուշը:

-Ի՞նչ կասեք նախագծի հաղթող և 2017-ին Եվրատեսիլում Հայաստանը ներկայացնող Արծվիկ Հարությունյանի մասին: Ինչպիսի՞ հարաբերությունների մեջ եք այսօր:

-Ես բոլոր մասնակիցների հետ նորմալ հարաբերությունների մեջ էի: Ես բազմիցս եմ նշել, որ ես մրցութային կամ ինտրիգային մարդ չեմ, ուստի իմ երգից ու շոուից բացի մնացած մրցութային թեմաները՝ բեմի ետևում, ինձ համար շատ անհետաքրքիր էին: Իսկ Արծվիկը տաղանդավոր աղջիկ է, և մեր հարաբերությունները թե՛ մրցութային օրերին, թե՛ հետո շատ լավ են եղել. մեր շփումը միշտ եղել է ուրախ և հումորով հագեցած:

-Ինչպե՞ս վերաբերեց այդ նախագծում Ձեր մասնակցությանը Արթուր Գրիգորյանը:

-Շատ նորմալ, քանի որ Արթուր Գրիգորիչն ինձ վստահում է և գիտի, որ իր սովորեցրածը ու իր մոտ անցած դպրոցը, հարկ եղած դեպքում, ես պատվով կներկայացնեմ:

-Այդ նախագիծը նպաստե՞ց, որ Դուք ստանաք նոր ու հետաքրքիր առաջարկներ:

-Այդ նախագծից հետո ավելացավ աշակերտներիս թիվը, ինչն էլ ինձ ամենաշատն է ուրախացնում, քանի որ իմ աշխատանքն ինձ հաճույք է պատճառում: Առաջարկներ կան, սակայն դրանց մասին խոսելը դեռ վաղ է:

-Ինչո՞վ է այժմ զբաղված երգչուհի Մարթան և ի՞նչ պլաններ ունի՝ տեսահոլովակ կամ նոր երգ:

-Ես արդեն մի քանի տարի դասավանդում եմ Երգի պետական թատրոնում: Դա է իմ աշխատանքը: Իսկ նորություններ լինելու դեպքում, ես անպայման կտեղեկացնեմ:

Անահիտ ԳևՈՐԳՅԱՆ

Մեկնաբանություն
X