Երեքի ֆենոմենը

Մենք կրկին դեգերում ենք 3 նախագահների եռանկյունում։ 2017-ի ընտրություններին թեեւ տարբեր քաղաքական ուժեր են մասնակցելու, սակայն գործընթացները մեծ հաշվով կրկին ուղղորդվում են 3 «տիկնիկավարների» կողմից։ Թե նրանցից որ մեկն ավելի հմուտ կգտնվի, ավելի բազմաքայլ կոմբինացիաներ կմտածի, ավելի զգուշորեն կշարժի քաղաքական դաշտի ֆիգուրները, նա էլ կլինի շահողը։ Նրանք, անշուշտ, տարբեր ձեռագիր ունեն՝ եթե առաջին ու երրորդ նախագահներն ավելի բաց են խաղում, ուղղակիորեն կանգնելով կոնկրետ քաղաքական ուժի գլխին (ՀԱԿ եւ ՀՀԿ), ապա երկրորդի մասին նույնն ասել չենք կարող։ Առնվազն երկու, օր օրի հզորացող ուժ կապվում են Ռոբերտ Քոչարյանի անվան հետ, քանզի ոչ ոք երբեւէ չի հավատա, որ Սեյրան Օհանյանը, Վարդան Օսկանյանը, Գագիկ Ծառուկյանը, Սամվել Բաբայանը, Վահե Հովհաննիսյանը, Երվանդ Բոզոյանը, Անդրանիկ Թեւանյանը, Իշխան Զաքարյանը եւ մյուսները որեւէ առնչություն, շփում չունեն ՀՀ երկրորդ նախագահի հետ։ Եթե անգամ իրոք չկա ոչ մի շփում, ապա, միեւնույն է՝ այս անձինք ճակատագրորեն կապված են նրա հետ, եւ նրանց բոլոր գործողությունները բացատրվելու են Ռոբերտ Քոչարյանի նպատակներով ու ծրագրերով։ Եվ իրոք, վատ սցենար չէ՝ երկու դաշինքով գրավում են Ազգային ժողովի 20, 30, 40, անգամ 50 տոկոսը, բոլոր գործընթացներից դուրս մղում մյուս ընդդիմադիր ուժերին, միավորվում եւ դառնում հզոր հակակշիռ ՀՀԿ-ին։ Ապա ինչ-որ իքս պահի հայտնվում է սցենարիստը, պարագլուխը, իդեոլոգը, ինչպես ուզում եք կոչեք նրան, եւ գլխավորում թավշյա հեղափոխությունն ու հեղափոխականների բանակը, վերջում էլ մեծահոգաբար ստանձնելով երկրի ղեկավարի պաշտոնը։ Նման բարդ կոմբինացիաները Ռոբերտ Քոչարյանի «կանյոկն» են, նման մի կոմբինացիայով նա 99-ին հետ բերեց գրեթե կորսված իշխանությունը։

Մեկնաբանություն
X