Երկու իրականություն

Մեր հասարակությունը բաժանվել է երկու մեծ ու իրարամերժ հատվածի՝ նրանք, ովքեր երեւանյան բնակարաններում ու իրենց առանձնասենյակներում նստած քննարկում են ներքաղաքական իրավիճակն ու պատրաստվում առաջիկա ընտրություններին, եւ նրանք, ովքեր բոլորովին այլ հոգս ու ցավով են ապրում, եւ որոնց համար ԱԺ ընտրությունը թատրոն է, սեփական անձի կարեւորությունը փոքր-ինչ զգալու, քաղաքական գործիչներին պատժելու եւ մեկ էլ՝ մի քիչ փող աշխատելու հնարավորություն։ Մենք՝ մայրաքաղաքում ապրողներս, անգամ չենք պատկերացնում, թե ինչն է այսօր հուզում շարքային քաղաքացուն, ինչ նպատակներ, ծրագրեր ու երազներ ունի նա։ Մինչդեռ քաղաքական շահեր ու հետաքրքրություններ չունեցողները մեր հասարակության ամենաստվար հատվածն են, եւ նրանց մի մասն անգամ չգիտի, որ ապրիլի 2-ին իշխանություն ենք ընտրելու։ Այս մարդկանց հոգսը զավակներին կերակրելն է, ցրտից պաշտպանվելը, գարնանացանի սերմացու ճարելը, անասուններին մինչեւ գարուն կերով ապահովելը։ Նրանց մի մասն ապրում է սեզոնային չվացուցակով՝ գարնանը մեկնում է փող աշխատելու, աշնանը՝ վերադառնում ձմեռելու։ Մի մասն էլ մեկնում է ու չի վերադառնում, հետո նրա գոյությունն արտահայտվում է միայն ամսական ինչ-որ գումար ուղարկելով, որը տարեցտարի նվազում է՝ իրենից չկախված պատճառներով։ Այս մարդկանց կյանքի գրեթե միակ զբաղմունքը հեռուստացույց նայելն է՝ այն հատուկենտ ալիքները, որ «բռնում» են հին հեռուստացույցով։ Նրանց կերակուրը պարզ է, հիմնականում սեփական արտադրության մթերքներից կազմված։ Իսկ հագուստը հագնում են այնքան, որ այլեւս կարկատել չի լինում, եւ նորն էլ հաճախ հարուստ ազգականների ուղարկածն է։ Այս մարդկանց համար իշխանությունն անդեմ է, ընդդիմությունը՝ անսեռ։ Նրանք ապրում են օրվա հոգսով։

Մեկնաբանություն
X