Սիրված երգիչ Լեոնիդ Ագուտինը և «Էսպերանտո» խումբը հանդես կգան Երևանում

Սիրված ռուս երգիչ և կոմպոզիտոր, ՌԴ վաստակավոր արտիստ Լեոնիդ Ագուտինը և «Էսպերանտո» երաժշտական խումբը մարտի 26-ին ժամը 19:00-ին համերգով հանդես կգան Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Միջոցառումը կազմակերպել են Mezzo Production-ը և Prime Concert-ը: Երեկոյի ընթացքում հայ հանդիսատեսը կվայելի սիրված ստեղծագործություններ՝ կենդանի կատարմամբ:
«Իմ բանաստեղծություններում ամփոփված է իմ աշխարհը, իմ հավատամքը և իմ դիրքորոշումը ... Ես համոզված եմ, որ անկեղծ ձևով ծնված տողերը կստիպեն ունկդրին լսել ստեղծագործությունը, ծիծաղել կամ լաց լինել»,-մի առիթով ասել է Լեոնիդ Ագուտինը:

Լեոնիդ Ագուտինը ծնվել է 1968 թվականին Մոսկվայում՝ երաժիշտ Նիկոլայ ու մանկավարժ Լյուդմիլա Ագուտինների ընտանիքում։ Ծնողները երաժշտության նկատմամբ սերը փոխանցել են փոքրիկ Լեոնիդին: 6 տարեկանում Ագուտինն ընդունվել է երաժշտական դպրոց։ Մոսկվայի № 863 միջնակարգ դպրոցում սովորելուն զուգահեռ նա ավարտել է «Մոսկվորեչիե» մշակութային տանը կից գործող Մոսկվայի ջազային դպրոցի դաշնամուրի դասարանը։ 1986-1988 թվականներին ծառայել է խորհրդային սահմանապահ զորքերում։ 1992 թվականին ավարտել է Մոսկվայի մշակույթի պետական ինստիտուտը՝ «Թատերական մասսայական ներկայացումների ռեժիսոր-բեմադրիչ» մասնագիտությամբ։

1989 թվականից շրջագայել է ԽՍՀՄ հանրապետություններով՝ հայտնի ռուսական խմբերի կազմում։ 1992 թվականին Լեոնիդ Ագուտինը «Ոտաբոբիկ տղան» երգով դարձել է «Յալթա 1992» էստրադային երգի երիտասարդ կատարողների միջազգային, իսկ 1993 թվականին՝ «Յուրմալա 1993» փոփ երաժշտության երիտասարդ կատարողների միջազգային մրցույթների դափնեկիր։

Լեոնիդ Ագուտինն այսօր Ռուսաստանի ամենապահանջված արտիստներից է, նրա երգերը հիթեր են, իսկ երգիչը համերգային գործունեություն է ծավալում ոչ միայն հայրենիքում, այլև նրա սահմաններից դուրս: Ագուտինի երկրպագուները հնարավորություն ունեն նրան տեսնելու նաև ռուսական Առաջին ալիքի եթերում հեռարձակվող «Ռուսաստանի ձայնը» մեծ ժողովրդականություն վայելող նախագծում, որտեղ նա հանդես է գալիս մարզիչ-ուսուցչի կարգավիճակում: Ի դեպ, նախագծի վերջին եթերաշրջանում հաղթել է հենց Ագուտինի թիմի անդամը՝երիտասարդ երգչուհի Դարյա Անտոնյուկը: Հավելենք նաև, որ վերջերս Լեոնիդ Ագուտինը զուգերգ է կատարել «Մանկական նոր ալիք» մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ արցախցի Միշա Գրիգորյանի հետ: Ելույթը տեղի է ունեցել «Օլիմպիյսկի» համերգասրահում՝ տոնական համերգի շրջանակում:

Մեկնաբանություն
X