Քաղաքականություն

Որտե՞ղ է սահմանը

Ի՞նչ արժեն օրինական ընտրություններ անցկացնելու իշխանությունների խոստումները։ Ինչքա՞ն է կշռում այն քաղաքական կամքը, որը պետք է ստիպի ընտրակեղծիքներ չանել եւ թույլ տալ, որ հասարակությունն իր խղճի մտոք քվեարկի, եւ հաղթի նա, ում հասարակությունը վստահում է, հավատում, համակրում։ Մինչեւ ո՞ւր է ձգվում այն սահմանը, որից անդին սկսում է գործել ինքնապաշտպանության բնազդը եւ ամեն գնով իշխանությունը պահելու որոշումը։ Թերեւս այդ սահմանը շատ փխրուն է եւ պայմանավորված է ընտրություններին առաջադրվող ուժերի քանակով, ազդեցությամբ, հանրության շրջանում ունեցած հեղինակությամբ։ Այսինքն՝ Հանրապետականը պատրաստ է ազնիվ, արդար ու թափանցիկ ընտրություններ կազմակերպել միայն մի պայմանով՝ եթե ինքն ունենալու է 50 պլյուս 1 տոկոս, քանի դեռ վտանգ չկա։ Այն պահից, երբ գիտակցեցին, որ ընդդիմությունն այնքան է հզորացել, որ իրենց 50 տոկոսին լուրջ վտանգ է սպառնում, գործի կդրվեն «հին ու բարի» մեթոդները, որոնք տարիներ շարունակ արդարացրել են իրենց՝ ապահովելով իշխանության վերարտադրությունը։ Ճիշտ է՝ տարեցտարի դա ավելի է բարդանում, քանզի մեր հասարակությունը հասունանում է, պայքարը՝ թեժանում, միջազգային հանրության վերաբերմունքը՝ կոշտանում, բայց երբ նժարին դրված է լինել-չլինելու, լավ ապրելու եւ ընդհանրապես չապրելու այլընտրանքը, բնականաբար, ընտրում են առաջինը։ Եվ այդ նպատակին հասնելու համար ընդունելի են դառնում բոլոր միջոցները։ Ինչպե՞ս անել, որ իշխանությունը գիտակցի՝ ընտրություններ կեղծելը չարիք է, եւ կամովին ձեռնպահ մնա դրանից։ Ինչպե՞ս անել, որ հասարակությունն այնքան ուժեղանա, որ կարողանա պարտադրել իշխանությանը՝ չանել այդ կեղծիքը։ Ինչպե՞ս անել, որ ընտրողն ընտրակաշառք վերցնելուց ձեռնպահ մնա, հասկանալով, որ դա մեղք է։

Մեկնաբանություն
X