Խայտառակ պատմություն

Օդում պտտվող տարբեր լուրեր կան, որոնք գրեթե երբեք միս ու արյուն չեն ստանում, եւ դրանց մասին գրելն էլ բավականին բարդ է, քանի որ անանուն, առանց փաստերի գրելն անիմաստ է, իսկ կոնկրետացնելը՝ անհնարին եւ անգամ վտանգավոր։ Առնվազն տվյալ լրատվամիջոցը հերթական անգամ կարող է հայտնվել դատարանում, մեղադրվել զրպարտելու, ապատեղեկատվություն տարածելու մեջ։ Ասենք, հասարակության շրջանում շատերն են խոսում այն մասին, որ ոստիկանության, իրավապահ համակարգի աշխատակիցների մի խավ կա, որոնք կապված են հանցագործների հետ։ Այսպես ասած՝ նրանց «նավոդկաներով» են որոշ հանցագործություններ կատարվում։ Ապա սրանք նաեւ տանիք են դառնում այդ անձանց համար եւ հնարավորինս զերծ պահում բացահայտումից ու պատժից։ Օրերս Քննչական կոմիտեն մի հաղորդագրություն էր տարածել, որ «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ի բանկոմատից կատարված հափշտակության փորձը բացահայտված է, ձերբակալվածը ՀՀ ԱՆ ՔԿՎ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակից է: Ընդ որում, համակարգի հնաբնակներից է՝ մինչեւ «Հրազդան» ՔԿՀ-ում աշխատելն աշխատել է նաեւ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում եւ հանցագործ աշխարհի հետ լավ կապեր ունի: Ավելին՝ ձերբակալվածը ոստիկանության Կենտրոնի բաժնի քրեական հետախուզության պետ Կարեն Հակոբյանի եղբայրն է: Այս պատմության պատճառով երեկ Կարեն Հակոբյանին պաշտոնանկ են արել: Ոստիկանությունից երեկ հաստատել են Հակոբյանին աշխատանքից ազատելու մասին այս տեղեկությունը, իսկ հարցին, թե որն է պատճառը, կրկնել են արդեն թեւավոր դարձած խոսքը՝ «ոստիկանությունում մշտապես կադրային փոփոխություններ լինում են»: Այս դեպքը վկայությունն է այն բանի, որ քրեակատարողական հիմնարկների, ոստիկանության աշխատողները ձեռնպահ չեն մնում հանցավոր կապեր հաստատելու գայթակղությունից։

Մեկնաբանություն
X