Քաղաքականություն

Հետաքրքիր զարգացումներ

Հովիկ Աբրահամյանը թերեւս հայոց պատմության մեջ կմնա որպես ամենից շատ հրաժարականներ տված պաշտոնյա: Սակայն եթե նախկինում տված հրաժարականները, որպես կանոն, նոր պաշտոնի նախերգանք են եղել կամ ժամանակավոր դադար, եւ նա միշտ կարողացել է ջրի երեսին մնալ, ապա այս անգամ կարծես ինչ-որ բան ինչ-որ տեղ խախտվել է: Սեպտեմբերի 8-ին վարչապետի պաշտոնից հեռանալը հայ հասարակությունը գնահատեց որպես ՀՀԿ-ում ընտրություններին նախապատրաստվելու գործընթացի բաղկացուցիչ մաս։ Անմիջապես տեսակետներ հնչեցին, որ նա գնում է ՀՀԿ նախընտրական շտաբը ղեկավարելու, որ մի քանի ամսից վերադառնա նոր իմիջով ու նոր կարգավիճակում: Սակայն, ինչպես ասում են, շաբաթն ուրբաթից շուտ եկավ։ Երեկ արդեն Աբրահամյանը ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է գրել՝ հաստատելով գրեթե մեկ շաբաթ շրջանառվող լուրերը։ Հիշեցնենք, որ նա 2011թ. նոյեմբերին հրաժարական տվեց ԱԺ նախագահի պաշտոնից, որպեսզի ԱԺ ընտրությունների շեմին ղեկավարի ՀՀԿ նախընտրական շտաբը: Ընտրություններից հետո նորից դարձավ պատգամավոր, ընտրվեց ԱԺ նախագահ: 2013թ․ նախագահական ընտրությունների շեմին ղեկավարեց Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը, իսկ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի շրջանում կրկին Հանրապետականի շտաբի ղեկավարն էր, միաժամանակ շարունակելով վարչապետի պաշտոնն զբաղեցնել: Հրաժարականների մյուս փուլն սկսվեց 2016թ․ հուլիսից, երբ նախ հրաժարական տվեց Տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահի, ապա՝ վարչապետի պաշտոնից, եւ այս տխուր պատմությունն ավարտվեց ՀՀԿ-ից երեկվա «հրաժարականով»։ Ու չնայած դեռ բացատրություններ չեն հնչել, ոչ էլ ապագա պլանների մասին է խոսել, սակայն ծրագիրը հասկանալի է։ Այսպես կոչված, ընտանիքի միավորում՝ Գագիկ Ծառուկյանի հյուրընկալ տանիքի ներքո։

Մեկնաբանություն
X