Ո՞րն է գաղտնիքը

Ի վերջո, ինչո՞ւ է մեր ժողովուրդը գնում եւ ձայն տալիս Գագիկ Ծառուկյանին, Սուրիկ Խաչատրյանին, Հովիկ Աբրահամյանին, Սամվել Ալեքսանյանին եւ մյուս օլիգարխներին ու հեղինակություններին եւ ինչո՞ւ չի քվեարկում ճանաչված մտավորականների, պրոֆեսիոնալ քաղաքական գործիչների, հայտնի հասարակական գործիչների օգտին։ Ինչո՞ւ պետք է Լֆիկն ու Լիսկան ավելի մեծ էլեկտորատ ունենան, քան, ասենք, Հրանտ Բագրատյանը կամ Ալիկ Արզումանյանը։ Եվ պետք չէ «մեղքը» բարդել փող բաժանելու եւ բարեգործության վրա, շատերը բարեգործներին չեն սիրում եւ հասկանում են, որ երբեմն բաժանվում է հենց պետությանը չվճարված հարկերից գոյացած փողը։ Որտե՞ղ է թաքնված տեղական իշխանիկների հարատեւության գաղտնիքը՝ որ տարեցտարի նրանք կարողանում են մանիպուլացնել հանրությանը եւ հայտնվել երկրի օրենսդիր մարմնում, որոշում կայացնողների շրջանակում։ Չէ՞ որ մինչեւ այս երեւույթի իրական պատճառները չհասկանանք, դրա դեմ պայքարել չենք կարող։ Փնովելուց ու քննադատելուց առաջ պետք է պարզել, թե ինչով են այս մարդիկ շահել շարքային քաղաքացու, ընտրողի հավատարմությունն ու սերը, որը չեն կարողանում շահել ինտելեկտն ու գիտելիքը։ Իսկ որ նրանց անկեղծ սիրողներ կան, անժխտելի է։ Ըստ իս, պատճառն այն է, որ այս մարդիկ տարիներ շարունակ անմիջականորեն շփվում են հանրության հետ՝ ամեն օր մի մարդու խնդիր լուծում, ընդունում՝ լսում նրանց, աշխատանք տալիս, ծնունդ ու հարսանիք գնում։ Սա, իհարկե, քաղաքական գործունեություն չէ, բայց հայ ընտրողը հենց այդ անմիջական շփման, ուշադրության կարիքն ունի։ Այդ ապաքաղաքական անձինք չեն փակվում կաբինետներում, շարքային մարդուն անհասկանալի ճառեր չեն ասում եթերից ու ամբիոններից եւ նրան չեն հիշում միայն ընտրություններից 40 օր առաջ։

Մեկնաբանություն
X