Բաց է Երևանի ամենագեղեցիկ գրախանութը

Կարելի է շնորհավորել բոլորիս:

Երևանը ունի թերևս ինձ համար եղածների մեջ՝ ամենագեղեցիկ գրախանութը:

Աբովյան 8 հասցեում Երևանի ամենահին շենքերից մեկը՝ Աղասի Խանջյանի առանձնատունը այլևս դատարկ ու ամայի վայր չէ, այդտեղ արդեն գործում է «Նոյան Տապան» գրախանութը:

Ամիսներ առաջ «Նոյան Տապան» գրախանութը փակվել էր՝ դուրս գալով Հանրապետության հրապարակի՝ Կառավարության տուն 2 հասցեից: Հիշեցնենք, որ Հայաստանի Արտաքին Գործերի նախարարության շենքը, կառավարության 2012թվականի որոշման համաձայն, 51. 270 840 ԱՄՆ-ի դոլարին համարժեք ՀՀ դրամով վաճառվել էր արգենտինահայ բիզնեսմեն Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տանգո» ՓԲԸ-ին։ Ասում են, որ ԱԳՆ–ի տեղում կհայտնվի Kempinski խմբի 5 աստղանի հյուրանոց։

Արտաքին գործերի նախարարության պատմական շենքը 2016թվականին փոխանցվեց Էռնեկյանին պատկանող «Տանգո» ընկերությանը: Կառավարության որոշման մեջ նշված է, որ գնորդը պարտավորվում է անհրաժեշտ ծավալով ներդրումներ կատարել և նորոգումից հետո ԱԳՆ շենքը վերածել հայտնի միջազգային ապրանքանիշի հնգաստղանի հյուրանոցի՝ պահպանելով շենքի պատմամշակութային տեսքը։

«Նոյան Տապան» գրախանութը միշտ էլ սիրելի վայր էր երևանցիների համար և փակվելուց հետո մի տեսակ մտավախություն կար, որ գրախանութը կարող է և չվերաբացվել՝ արժանանալով մյուս, վերջնականապես փակված ու անհետացած գրախանութների ճակատագրին: Սակայն ինչպես ասում են ի բարեբախտություն բոլորիս այս անգամ դառն ճակատագիրը չկրկնվեց, ավելին՝ Աբովյան 8 հասցեում վերաբացված և արդեն գործում է «Նոյան Տապան» գրախանութը, որը ըստ իս ամենագեղեցիկն է մյուսների համեմատ: Ընդարձակ լուսավոր սրահներ, ուր կարող ես հանգիստ, առանց հրմշտոցի, առանց նեղության գիրք ընտրել: Գեղեցիկ, կանոնավոր ու հարմարավետ գրադարակներ, որոնց վրա խնամքով և ըստ կարգի շարված են հայերեն, անգլերեն, ռուսերեն, ինչպես մասնագիտական, մանկական, այնպես էլ գեղարվեստական գրքեր:

Մի խոսքով, սա թերևս քաղաքի համար վերջին օրերի ամենաուրախալի իրողությունն է:

Վերջապես հին պատմական շենքի ներսում բացվում է մի հմայիչ գրախանութ, այլ ոչ հերթական պանդոկ, կամ օծանելիքի սրահ:

Արամ ՊԱՉՅԱՆ

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X