Կլանի հեռացումը

Կլանային կառավարման, աթոռներից կառչելու, ոչ մի պարագայում հրաժարական չտալու եւ հավերժ պաշտոնի մնալու համար մաքառումների պատճառներից մեկն էլ այն է, որ կլանի պարագլխի հեռանալով՝ ամբողջ կլանն է հեռանում, պաշտոնազրկվում, կուլակաթափ արվում։ Հիմա եկել է Աբրահամյանների եւ նրանց մերձավորների հեռանալու պահը։ Երեկ արդեն նախկին վարչապետի ետեւից հրաժարականի դիմում է գրել Արմավիրի մարզային ոստիկանապետ Արսեն Աբրահամյանը՝ Հովիկ Աբրահամյանի եղբորորդին։ Երեկոյան մեր լրագրողի հարցին, թե հնարավո՞ր է Դուք էլ հեռանաք, Աբրահամյանի մյուս ազգականը՝ ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյանն ասել է․ «Չեմ կարծում»։ Պարզ է, որ իրենից չէ կախված, եւ ինքը տեղյակ էլ չէ՝ կհեռանա՞, թե՞ «մաֆիան» այս գիշեր իր կողքով կանցնի։ Սրա մեջ, անշուշտ, վայրենություն կա, անգամ՝ բարբարոսություն, քանզի շատ նման է եգիպտական փարավոնների սովորույթներին, երբ փարավոնի մահվանից հետո նրա ողջ շրջապատը՝ սպասավորներով, ստրուկներով, կանանցով, մահվան էր դատապարտվում եւ նրա հետ թաղվում դամբարանում։ Մեզանում անգամ եթե կլանի անդամներին ֆիզիկական մահ չի սպառնում, բայց նրանք կարող են զրկվել ամեն ինչից ու մեկուսացվել հասարակությունից։ Եվ եթե սրան գումարենք նաեւ այն չգրված կանոնները, որ պաշտոնից ու «ցարի» սիրուց զրկվածներից երես են թեքում նաեւ ժամանակին նրա շուրջը հավաքվածներից շատերը, ապա միանգամայն պարզ կդառնա, թե ինչու է պաշտոնազրկումն այդքան ցավոտ եւ պաշտոնն այդքան քաղցր մեզանում։ Իհարկե, ոմանք չեն համաձայնի ինձ հետ, պնդելով, որ սա նաեւ պատժի մի ձեւ է՝ պաշտոնը զբաղեցնելու շրջանում գործած բազում մեղքերի, ագահության, հանցագործությունների համար, բայց պատիժն էլ պետք է քաղաքակիրթ լինի՝ օրենքի ու բարոյականության կանոնների շրջանակում։

Մեկնաբանություն
X