Դիմակները պատռվում են

Ընտրությունների մոտենալուն զուգահեռ կրքերը եռում են, նյարդերը՝ պրկվում, նախկին զինակիցները՝ բաժանվում, նախկին թշնամիները՝ հաշտվում։ Ամենից ուշագրավը, անշուշտ, իշխող կուսակցության ներսում ծավալվող գործընթացներն են՝ երբ վաղեմի համախոհները, որոնք տարիներ շարունակ թաքցրել են իրենց տարաձայնությունները եւ հանուն աթոռների եւ ունեցվածքի հարթել հակասությունները, դեն են նետում բարեկրթության, կեղծ համերաշխության քողը եւ հանդես գալիս իրենց իրական դեմքով։ Թող որ առայժմ միայն այլաբանությունների ու ակնարկների լեզվով, բայց հարաբերությունների անկեղծությունը նախընտրելի է կեղծ ժպիտով իրար տակ փորելուց։ Նախ, «դիմակից» հրաժարվեց Հովիկ Աբրահամյանը՝ հեռանալով ՀՀԿ-ից։ Ապա ներկուլիսային պայքարի վարագույրն սկսեց բացվել՝ ՀՀԿ նախագահի խոսքից հասկացվեց, որ նախկին վարչապետը մեծ հավակնություններ է ունեցել եւ իր անձի մասին մեծ «պատկերացումներ», իսկ ինքն ավելորդ «հրմշտոց», «նեղացածություն» չի հանդուրժում։ Պարզվեց՝ Հանրապետականում համարում են, որ 150 հազարից ավելի անդամ ունեցող իրենց կուսակցությունը ֆուտբոլային մի թիմ է, որտեղ կա 1 մարզիչ, որն էլ պետք է որոշի, թե «ում ծառայությունները որտեղ պետք է օգտագործվեն»։ Բայց բանը չավարտվեց ֆուտբոլային զուգահեռներով, գործի դրվեցին նաեւ ջրային ռեսուրսների, բնական ու տեխնոլոգիական թափոնների հետ համեմատությունները։ Բնականաբար, ՀՀԿ-ն՝ մայր գետի, ՀՀԿ-ից հեռացողները՝ չորացող առվակների, ՀՀԿ-ի նորագիրները՝ տեխնոլոգիական թափոնների կերպարում։ Եթե մի կողմ դնենք գեղարվեստական զուգահեռներով, հումորի ու պերճախոսության դրսեւորումներով հիանալը, ապա սա մի բանով կարող է օգտակար լինել՝ հանրությունն արձանագրեց, որ կողմերի հակասություններն իրական են, այս ամենը թատրոն չէ։

Մեկնաբանություն
X