Չիստկան շարունակվում է

Հովիկ Աբրահամյանի մերձավորների հեռացումն իշխանական տարբեր օղակներից շարունակվում է․ երեկ, ինչպես եւ սպասվում էր, հրաժարականի դիմում գրեց Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը։ Մի քանի օր առաջ նրա մայրն էր մահացել՝ աշխատանքի չէր գալիս, երեկ էլ դիմում է գրել, որը կքննարկվի կառավարության առաջիկա նիստում։ Պատճառների մասին մեր լրագրողի հարցին ի պատասխան նա ծառուկյանական թեւավոր խոսքն է արտաբերել․ «Այդ մասին՝ հաջորդ դասին», թերեւս ակնարկելով, որ հայտնվելու է Ծառուկյանի դաշինքի մերձակայքում։ Փոխարենը նախօրեին տեղեկացանք, որ հայտնի ԲՀԿ-ական, գեղարվեստական խոսքի մեծ վարպետ, Երդվյալ ազատամարտիկների միության նախագահ Ծաղիկ Ռուբոն է հրաժարվել ԲՀԿ անդամատոմսից։ Այն պահին, երբ բոլորը վազում են դեպի «կանյաչնի», Դավիթաշենի նախկին թաղապետ, ազատամարտիկ Ռուբեն Գեւորգյանը դուրս է գալիս ԲՀԿ-ից եւ «Հրապարակին» տված հարցազրույցում նրբորեն ցանկություն հայտնում ճանապարհը շարունակել իր նախկին կուսակցության՝ ՀՀԿ-ի հետ։ Իրոք, պատմական ժամանակներ ենք ապրում՝ անհաշտ թշնամիները հաշտվում են, վաղեմի բարեկամները՝ թշնամանում։ Երեկ մի արտառոց լուր էլ փոխանցեցին մեզ․ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող «օբյեկտներում» սկսել են «մաքուր» աշխատել, շատ զգուշավոր են դարձել։ Արտաշատի բնակիչներից մեկը մեր լրագրողին պատմել է, որ խանութներում, գազալցակայաններում անխտիր ՀԴՄ կտրոններ են տալիս․ նման պրակտիկա նախկինում չկար։ Այսպես որ գնաց, հարկերն էլ կսկսեն ժամանակին եւ լիարժեք վճարել։ Այնպես որ՝ ՀՀԿ երկպառակությունից հնարավոր է պետական բյուջեն էլ շահի։ Մի բան պարզ է, որ առաջիկա 2-3 ամիսներին ՀՀ քաղաքացիների կյանքում ոչ շոուն է պակասելու, ոչ քրեական խրոնիկան, ոչ էլ ներկուսակցական գզվռտոցը։

Մեկնաբանություն
X