Հաշտության ժամանակը

Այս ընտրությունները եւ դրան նախորդող գործընթացները մեկ անգամ եւս հաստատում են հայտնի ճշմարտությունը՝ քաղաքականության մեջ չկան հավերժ թշնամիներ կամ բարեկամներ, եւ նախընտրական փուլում ինչպես հաշտեցման, այնպես էլ թշնամացման բուռն պրոցեսներ են ընթանում։ Որքան տարօրինակ էր վաղեմի զինակիցներ Սերժ Սարգսյանի եւ Հովիկ Աբրահամյանի պառակտումը, նույնքան զարմանալի էր Նիկոլ Փաշինյանի եւ Էդմոն Մարուքյանի միավորումը, Գագիկ Ծառուկյանի վերադարձն իր նախկին թիմ, Սեյրան Օհանյանի՝ «ընդդիմություն» դառնալու հայտը եւ Վիկտոր Դալլաքյան-Վարդան Օսկանյան-Արամ Սարգսյան դաշինքի հետ միավորվելը։ Ակնհայտ է, որ այս միացում-բաժանումների մեջ գաղափարական հենք գրեթե չկա։ Դրանք զուտ մարդկային, զգացական, այսրոպեական հաշտեցումներ-պառակտումներ են՝ անձնական ամբիցիաների, իշխանություն մտնելու նպատակի վրա խարսխված։ Սակայն պետք չէ դրանից ողբերգություն սարքել՝ ամբողջ աշխարհում է այդպես։ Վատն են այն քաղաքական ուժերը, որոնք իշխանության չեն ձգտում։ Իսկ հաշտեցումների մասով անգամ ողջունելի են այս գործընթացները։ Օրերս մի քաղաքական հաշտության մասին էլ տեղեկություն ստացանք․ «Ծառուկյան դաշինքի» տանիքի տակ հավաքված ՀԱԿ նախկին գործընկերներ Խաչատուր Սուքիասյանը եւ Արարատ Զուրաբյանն օրերս հանդիպել եւ հաշտվել են։ Նրանք տարիներ ի վեր գժտված էին, չէին շփվում իրար հետ, այժմ, փաստորեն, դաշինքը հաշտեցրել է վաղեմի հակառակորդներին։ Նախորդ ընտրություններում նրանք հակառակ ճամբարներում էին՝ Սուքիասյանների ընտանիքից Կենտրոն ընտրատարածքում առաջադրվել էր Սարիբեկ Սուքիասյանը, իսկ Արարատ Զուրաբյանը հայտարարել էր նրա մրցակցին՝ Գարեգին Նուշիկյանին պաշտպանելու մասին, ասել էր․ «Նա իմ ընկերն է, իրար հետ երկար ճանապարհ ենք անցել»։

Մեկնաբանություն
X