Քաղաքագրություն. Ռուբեն Զարյան՝ «Կաֆե Տուրիստը»

Իմ դասընկեր Մինաս Հյուսյանը, որին երբեք չտեսա Աբովյան փողոցում, ասաց, թե գրողները, նկարիչները, դերասանները մեծ մասամբ լինում են «Կաֆե տուրիստում»: «Կաֆե տուրիստը» սրճարան էր Ազիզբեկովի հրապարակի անկյունում, «Խորհրդային Հայաստան» օրաթերթի խմբագրության նկուղային հարկում: Հյուսյանն ինձնից մեծ էր, ընտանիք ուներ՝ կին ու երեխաներ, եւ նրա համար դժվար էր սովորել եւ աշխատել: Պետական թատրոնի լուսանկարիչն էր, ամեն երեկո պարտադրաբար լինում էր թատրոնում: Ընդառաջ գնաց խնդրանքիս եւ մի երկուշաբթի երեկո ինձ տարավ «Կաֆե տուրիստ»: Պատվիրելով երկուսիս համար մի-մի գավաթ սուրճ եւ թխվածքներ: Երկու ժամից ավելի մնաց ինձ հետ: Ցույց էր տալիս ու ասում, թե նստածը կամ ներս եկողն ով է: Ինքը բոլորին գիտեր, շատերի հետ ծանոթ էր անձամբ:

Նստած էր Չարենցը՝ մի խումբ երիտասարդների հետ: Լսվեց Թոթովենցի ծիծաղի պայթյունը անկյունի սեղանից: Եկան Մկրտիչ Ջանանն ու Արա Սարգսյանը, ապա՝ Ազատ Վշտունին եւ Նաիրի Զարյանը: Խմբով մտան Մահարին, Ալազանը, Նորենցը եւ Տարոնցին: Հանկարծ երեւաց Ռոմանոս Մելիքյանը, մի փոքր անց՝ Մկրտիչ Արմենը, նրանցից անմիջապես հետո՝ Միքայել Մազմանյանը՝ Գեւորգ Քոչարի հետ: Մտան մի խումբ երիտասարդ գրողներ՝ Աղավնին, Հրաչյա Քոչարը, Սուրեն Վահունին, Գարեգին Բեսը, Վահան Գրիգորյանը:

Որի՞ն հիշեմ, որի՞ն բաց թողնեմ: Առանձին-առանձին մի քանիսին տեսել էի, բայց այսքան գրող ու արվեստագետ մի տեղում, միասին, իրար գլխի հավաքված՝ մի նոր աշխարհ էր ինձ համար:

Երեւանի կոլորիտային դեմքերից էր Էմին Տեր-Գրիգորյանը: Նիհար, կարճահասակ, երեւում էր Աբովյան փողոցում եւ միշտ՝ ձեռնափայտով: Մորուքը թվում էր ավելի երկար, քան ինքն էր: Գավառական Երեւանի հասարակական գործիչներից էր, որ լրագիր էր հրատարակել եւ, բաժանորդ չունենալով, անվճար բաժանել երեւանցիներին: Ճի՞շտ է, չգիտեմ: Նրա անվան հետ է կապվում այն սառնորակ ջուրը, որ վայելում են երեւանցիներn ամռան պապակ օրերին: Սա էլ ճիշտ է, թե ոչ՝ չգիտեմ: Բայց ստույգ է, որ նա հին Երեւանի մտավոր կյանքի հերոսներից է՝ թատերական եւ, առհասարակ՝ գեղարվեստական գործի նախաձեռնողներից, հեղինակ մի ամբողջ շարք պիեսների, որոնցից մեկը՝ «Բարեգործության դիմակի տակ», երկար տարիներ պահպանվել է խաղացանկում: Իսկ հիմա… նա ասես անցած-գնացած օրերի ներկայացուցիչը լիներ, որ հայտնվում է երբեմն մենակ, երբեմն հայտնի մտավորականներով շրջապատված:
Ռուբեն Զարյան՝ «Մայրամուտից առաջ»

Պատրաստեց Արամ ՊԱՉՅԱՆԸ

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X