Քաղաքականություն

Ցուցակ կազմելու ժամանակը

Ամեն օր լուրեր ենք ստանում, որ այս կամ այն պետական, նաեւ ոչ պետական հիմնարկում նախընտրական պատրաստություններ են գնում՝ ցուցակներ են կազմվում, անձնագրային տվյալներ լրացնում, ընտրատեղամասերում աշխատողներ ու վստահված անձինք ներգրավում, հաշվում են, գծում, չափում, ձեւում։ Ամենից տարածվածը ցուցակներ կազմելու գործընթացն է՝ ընտրողների ցուցակներ են կազմվում։ Դժվար է ասել, թե որ տկարամիտը եւ երբ որոշեց, որ մարդկանց ցուցակագրելը գրեթե ձայներ բերելուն համազոր գործընթաց է, եւ սկսվեց ու գնաց։ Արդեն քանի-քանի տարի է՝ ընտրությունների նախօրեին համատիրությունների եւ պետական հիմնարկների, դպրոցների ու հիվանդանոցների, նախարարությունների ու մասնավոր ֆիրմաների շարքային աշխատողներին հրահանգ է իջեցվում՝ կազմել ազգուտակի, հարեւանների, ծանոթների ցուցակներ, խոստանալով, որ նրանք քվեարկելու են իշխանական կուսակցության օգտին։ Հետո այդ ցուցակները հայտնվում են թաղային հեղինակությունների ու շտաբների պատասխանատուների ձեռքում, որոնք սկսում են հետեւել, թե ում տեղամասից ինչքան ձայն է ստացել ՀՀԿ-ն։ Գուցե այդ գործընթացը որոշակի հոգեբանական դեր խաղում է, եւ ցուցակ կազմած, ցուցակում հայտնված անձինք ինչ- որ պարտավորվածություն են զգում վերադասի առաջ ու աշխատում են քվեարկել կամ ապահովել խոստացված ձայների քանակը։ Բայց մեծ հաշվով դա անիմաստ գործընթաց է՝ ոչ մի էական երաշխիք չտվող եւ ոչինչ չպարտադրող։ Հենց դա է պատճառը, որ բազում պատմություններ կան, թե ինչպես են 1800 հոգանոց ցուցակի դիմաց ընդամենը 64 քվե ստացել։ Կամ՝ 2 հազար ընտրողին հասանելիք կաշառքը քամուն տվել եւ 200 քվե ստանալով, «քաշվել»։ Անգամ ընտրակեղծարարության մասնագետները պետք է հասկանան, որ հարկավոր է հրաժարվել այս հնացած, մաշված մեթոդներից։

Մեկնաբանություն
X