Մեր թշնամին դիտորդներն են

Երբ քաղաքականապես ոչ հասուն, իրենց բախտն ու ճակատագիրն այլոց վստահած ինֆանտիլ մարդիկ ասում են՝ «ամեն ինչ սուտ ա, ոչ մի բան չի փոխվի», եւ համընդհանուր ապատիա ու անգործություն են քարոզում, ինչ-որ տեղ հասկանալի է՝ մարդիկ փոքր պահանջներ ունեն կյանքից եւ էլ ավելի փոքր պոտենցիալ։ Նրանց բավարարում է «դիտորդի» կարգավիճակը։ Նրանք ողջ օրը զբաղված են հայհոյելով, քննադատելով, բողոքելով, իրենց բախտն անիծելով եւ ունակ չեն մատը մատին տալու։ Սրանց նմանները ոչ իրենց անձնական կյանքում են գործունակ եւ ինչ-որ բան փոխելու, ստեղծելու ունակ, ոչ՝ երկրում։ Բայց երբ անհուսություն, անգործություն են քարոզում ակտիվ, երիտասարդ, անելիք ունեցող, գրագետ մարդիկ, դադարում ես հասկանալ։ Այս օրերին, երբ ողջ երկիրը ներքաշվել է նախընտրական թոհուբոհի մեջ, եւ այս ամիսներին տեղի ունեցող իրադարձություններից, մեր կատարած ընտրությունից է կախված, թե ինչ իշխանություն կձեւավորվի երկրում, ովքեր կլինեն որոշում կայացնողներն առաջիկա տարիներին, եւ ինչպիսի պետություն կկարողանանք կառուցել, անգործություն քարոզողներն առնվազն մեր հասարակության թշնամին են։ Միայն ակտիվ, պայքարող, չհուսահատվող հասարակությունն է հասնում հաջողությունների։ Վախկոտները, անտարբերները, մի փոր հացի համար ապրողները երբեք հաջողություն չեն ունենում եւ լավ երկրում էլ երբեք չեն ապրում։ Նրանց գոյություն քարշ տալու ճակատագիրն է բաժին ընկնում։ Ուստի ոչ մի արդարացում չունեն ոչ նրանք, որ չեն մասնակցում գործընթացներին, ոչ նրանք, ովքեր կոչ են անում չմասնակցել գործընթացներին։ Լավ կյանք, լավ երկիր պահանջելու իրավունք ունեն միայն նրանք, ովքեր իրենցից կախված ամեն ինչ արել են դրա համար, ովքեր ձեռքերը ծալած չեն նստել՝ պայքարել են, ընտրել են ու ընտրվել։

Մեկնաբանություն
X