Պրոֆեսիոնալների փնտրտուք

«Երբ մեր ատամը ցավում է, գնում ենք ատամնաբույժի մոտ, այլ ոչ թե դերձակի, երբ մեր կատուն հիվանդանում է, չենք տանում փականագործի մոտ․․․ Բայց եթե մեր առողջությունը չենք վստահում դերձակին, մեր կատվին՝ փականագործին, ապա ինչո՞ւ ենք մեր պետությունը վստահում այնպիսի մարդկանց, ովքեր պետական կառավարման հետ ունեն նույնքան առնչություն, որքան անասնաբույժը համակարգիչների հետ»,- «Ելքի» համաժողովում հայտարարեց երիտասարդ քաղաքական գործիչ Հայկ Կոնջորյանը՝ արժանանալով ծափահարությունների։ Վերը նշված բանաձեւը կիրառելի է բոլոր այն պետությունների դեպքում, որոնք աղքատ են ու չեն զարգանում, բոլոր այն կառավարությունների դեպքում, որոնք չեն կարողանում ապահովել տնտեսական աճ եւ բարեկեցիկ կյանք, բոլոր այն պաշտոնյաների դեպքում, որոնք ձախողվել են եւ վարկաբեկել պետական ծառայողի ինստիտուտը։ Հետեւությունը պարզունակ է եւ միակը՝ հարկավոր է ընտրել եւ նշանակել պրոֆեսիոնալներին։ Եթե ընտրությունների ժամանակ մենք չենք ընտրում այնպիսի գրագետ օրենսդիրներ, որոնք կկարողանան ձեւավորել պրոֆեսիոնալ անձանցից կազմված կառավարություն, ապա շղթայական ռեակցիան բերելու է նրան, որ փականագործը կատու է բուժելու, անասնաբույժը համակարգիչ է նորոգելու։ Ինչպես անել, որ ընտրության եւ պաշտոնների նշանակման տրամաբանական խզված շղթան մեզանում վերականգնվի։ Որ տարիներ շարունակ որոշակի հմտություններ ձեռք բերած, որակավորում ստացած կադրերը ճիշտ տեղում հայտնվեն։ Ասենք՝ նախագահի աշխատակազմի ղեկավարն այլ կադրի բացակայության պատճառով չդառնա պաշտպանության նախարար, պաշտպանության փոխնախարարին՝ նորից նույն պատճառով, չգործուղեն ԱԻՆ, իսկ մաշված ու հնացած դիվանագետը չշարունակի զբաղեցնել մի պաշտոն, որտեղ բազմիցս եւ հանգամանալից ձախողվել է։

Մեկնաբանություն
X