Այդ հին, կոտրած տաշտակները

Հայաստանում այս օրերին քաղաքական անցուդարձի առավել հետաքրքիր տասնօրյակն է, ինչպիսիք պատահում են հինգ տարին մեկ անգամ: Խոսքը խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերի ցուցակները Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու տասնօրյակի մասին է: Շատերը կասեն, թե այդտեղ հետաքրքիր ի՞նչ կա՝ նույն, 10-20 տարի ասպարեզում եղած ու բոլորին հոգնեցրած դեմքերը, նույն դատարկ ճամարտակությունները՝ անկախ վերադասավորումներից եւ ուժերի անուններից: Դա էլ ճիշտ է:

Ուղղակի մնացյալ ժամանակ Հայաստանի քաղաքական գործընթացներն ավելի հոգնեցնող եւ անհետաքրքիր են, բացառությամբ պահերի, երբ Սերժ Սարգսյանին չգիտես ինչ միջատ է խայթում, եւ նա անցնում է այս կամ այն քրեաօլիգարխիկ ֆիգուրին չեզոքացնելուն: Բայց սա նաեւ բակում խաղացող երեխաների «բռնոցիներ» է հիշեցնում, երբ բռնողն էլ, բռնվածն էլ ինչ-որ ժամանակ անց վերադառնում են խաղահրապարակ:
Հետեւաբար, առաջիկա մեկ շաբաթում արժե հայաստանյան քաղաքական անցուդարձի վրա ուշադրություն կենտրոնացնել: Իսկ այդտեղ առաջին ակնբախ իրողությունն այն է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում նոր ուժ, գործիչ, գաղափար չհայտնվեց՝ հասարակության մեծամասնությանը մատնելով ընտրության գնալ-չգնալու երկմտանքին եւ գնալու դեպքում էլ ում ձայն տալու մտատանջանքին: Չորս կողմը կոտրած տաշտակներ են եւ դրանց թվում ամենամեծը ՀՀԿ է:

Ընտրությունների հասան ձեռնունայն

ՀՀԿ-ն որքան էլ վաղ սկսեց ընտրարշավը, մականունավոր Աբրահամյանի գլխին բամփելով եւ ՀՀԿ ափերից հեռացնելով, վարչապետի պաշտոնն էլ Կարեն Կարապետյանին առաջարկելով, միեւնույն է՝ ընտրությունների նախաշեմին հասել է մեծ հաշվով ձեռնունայն: Այսօր վարչապետ Կարապետյանի ընկալումը հասարակության մեջ շատ չի տարբերվում, դիցուք, իր առողջապահության կամ գյուղատնտեսության նախարարների ընկալումից. բոլոր դեպքերում էլ գործ ունենք անձանց հետ, որոնց չի հասկացվում, թե ինչու են տվյալ պաշտոններին նշանակել, կամ որքան պետք է վերջիններս շարունակեն այդ պաշտոններում ժամանակ սպանել:

Սեպտեմբեր-հոկտեմբերին մեկնարկած ՀՀԿ-ի աղմուկը՝ իբր նոր կադրեր ասպարեզ բերելու ուղղությամբ, մարեց, ասպարեզում թողնելով նույն կոտրած տաշտակը՝ Սերժ Սարգսյանին՝ իր ղեկավարման ավտորիտար մեթոդներով: Երեւում է՝ Արեւմուտքում էլ տեսան եւ համոզվեցին, որ մինչեւ ուղնուծուծը փտած ՀՀԿ-ն ոչ մի վերընձյուղման կամ նորովի մտածողության, գործունեության ընդունակ չէ, դրա համար էլ, անտեսելով նախընտրական շրջանը, Հայաստանի իշխանություններին գրեթե կոկորդից բռնած պահանջում են կոռուպցիայի դեմ պայքար: Օր չի անցնում, որ Հայաստանում արեւմտյան դեսպաններից մեկը չխոսի կոռուպցիայի դեմ պայքարի ու դրա արդյունքների անհրաժեշտությունից: Մինչեւ կոռուպցիայի խնդիրը չլուծվի, Հայաստանն Արեւմուտքից ֆինանսական աջակցություն չի ստանալու:

Եթե գրեթե վեց ամսում Կարապետյանին որեւէ եվրոպական միջոցառման չեն հրավիրում, դա ցույց է տալիս, որ միայն աշխատանք եւ արդյունք ցույց տալով՝ Կարապետյանը կարող է ընդունելի դառնալ Արեւմուտքի համար: Ավելորդ է ասել, որ Արեւմուտքի վերաբերմունքը պրոյեկտվում է նաեւ մնացյալ աշխարհի վրա, Արեւելքում էլ դատում են Արեւմուտքի վերաբերմունքի պրիզմայով: Եթե այսպես է վերաբերվում Եվրոպան, միամտություն կլինի կարծել, թե հանկարծ Կարապետյանով ու նրա ծրագրերով կհետաքրքրվեն Ճապոնիայում, Հոնգ-Կոնգում կամ նույնիսկ Չինաստանում:

Ֆիգուրներ դասավորելու հին զբաղմունքը

Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի համար էլ ավելի մեծ հուսախաբություն էր Վիգեն Սարգսյանի պաշտոնավարումը: Պարզվեց՝ նա նախ բանակում տարածված կոռուպցիայի դեմ պայքարելու կարողություն չունի, այլապես նախկինում կամ այսօր էլ գողացված միջոցները կվերադարձներ եւ ըստ նպատակահարմարության կտնօրիներ, ոչ թե 1000 դրամների հանգանակություն կամ հարկահավաքություն կկազմակերպեր: Սեյրան Օհանյանի պաշտոնավարության շրջանի համեմատությամբ առաջխաղացումը միայն այն է, որ Վիգեն Սարգսյանի պարագայում գոնե ինքը՝ նախարարը, կաշառակերության կասկածներից եւ ամբաստանություններից դուրս է:

Սեյրան Օհանյանի պաշտոնանկության մեկ այլ պատճառը՝ Արեւմուտքի կողմից ՀՀ Պնախարարի բացարձակ բոյկոտումը, կարծես նույնպես դեռ չի հաղթահարվել: Ամենքին տեսանելի է, որ Վիգեն Սարգսյանը՝ նշանակումից ի վեր, նույնիսկ Բրյուսելի հետ չի կարողացել շփում հաստատել: Նրան որեւէ հավաքի չեն հրավիրում եւ ոչինչ չեն քննարկում: Այժմ հետաքրքիր է, թե Դավիթ Տոնոյանի՝ ՊՆ-ից հեռանալուց հետո Վիգեն Սարգսյանը կկարողանա՞ Տոնոյանի դերը կատարել եւ դառնալ երրորդ մարդը Հայաստանում, ում հետ Արեւմուտքը կխոսի Էդվարդ Նալբանդյանից եւ Դավիթ Տոնոյանից հետո:

Թվում է՝ նախագահ Սարգսյանը գրեթե ձիով քայլ է կատարել՝ Տոնոյանին հեռացնելով ՊՆ-ից եւ նշանակելով ԱԻ նախարարական պաշտոնին: Ինչ խոսք, Դավիթ Տոնոյանը հրաշալի պաշտոնյա է, եւ միայն ուրախանալ կարելի է նրա նշանակման համար, սակայն ավելի էականը մեդալի մյուս կողմն է: Տոնոյանի բացակայությամբ արեւմտյան մայրաքաղաքները եւ ամենակարեւորը՝ Բրյուսելը, օբյեկտիվորեն հարկադրված են Վիգեն Սարգսյանի հետ աշխատել: Կաշխատեն՝ լավ, չեն աշխատի՝ կմնա հաջորդ կառավարություն կազմավորելիս ՊՆ եւ ԱԻ նախարարների միջեւ փոխատեղում անել:
Ինչպես տեսնում ենք, դեռ ընտրությունների չհասած ՀՀԿ-ին նոր իմիջ կամ էություն հաղորդելու Սարգսյանի ճիգերը կատարեցին դարձ ի շրջանս յուր եւ հանգեցրին ՀՀԿ խաղատախտակի վրա խաղաթելեր ձգելու եւ ֆիգուրներ տեղաշարժելու նրա հին ու սիրելի զբաղմունքին:

Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մեկնաբանություն
X