Կաշառատուին խաբելու եղանակներ

Հարեւանուհիս սպասումների մեջ է՝ ընտրություններն են մոտենում։ Արդեն մի քանի շտաբից մոտեցել են, անձնագրային տվյալներ ուզել, ասել են, որ «ձայնը 5 հազար դրամ» կտան։ Բայց ինքն իր հաշվարկն ունի, ասում է՝ 5 հազար դրամը չնչին թիվ է, պետք չէ խաբվել հիմա մոտեցողների խոսքերին, պետք է սպասել, որ «ստավկեքը բարձրանան»։ Նրա հաշվարկով՝ ընտրական այս «աճուրդում» մեկ ձայնի գինը հասնելու է առնվազն 100 դոլարի։ Մանրամասն ներկայացնում է իր «քաղաքագիտական վերլուծությունն» ու խորամանկորեն ժպտում՝ «փողերը կբաժանեն, բայց վերջում կքաշվեն»։ Փորձում եմ հասկանալ նրա մտքի տրամաբանությունը։ Սիրով բացատրում է․ «Դե, ո՞վ է հսկելու, թե փողն առար՝ ում ձայն տվեցիր, խաբելու հազար ձեւ կա»։ Եվ ես նրա հետ քննարկում եմ «տարբերակները»․ «Բա որ պահանջեն քվեարկել ու քվեարկած թերթիկը նկարել, նոր փողը տա՞ն»։ Պարզվում է՝ նա ավելի լավ է յուրացրել նոր Ընտրական օրենսգրքի հնարավորությունները, քան շատ քաղաքական գործիչներ՝ ասում է․ «Է, կնկարեմ իրենց ուզած պտիչկան, հետո իմ ուզած թերթիկի վրա նշանը կդնեմ ու կգցեմ յաշիկը»։ Իսկ եթե պահանջեն հանե՞լ չքվեարկած բոլոր թերթիկները, որ համոզվեն, որ ճիշտ թերթիկ ես դրել ծրարի մեջ։ Այս ընտրություններում ընտրողին տալու են առաջադրված կուսակցությունների թվով քվեաթերթիկներ, մեկի օգտին քվեարկելու ենք՝ դնենք ծրարի մեջ եւ գցենք արկղը, մյուս թերթիկները դեն նետենք։ «Դրա ձեւն էլ կա․ կարծեմ՝ էդ թերթիկներից լիքը լինելու է քվեախցիկում, կջոկեմ, հետս դուրս կբերեմ իրենց ուզած թերթիկները»։ Իսկ ավելի լավ չի՞ լինի փող ընդհանրապես չվերցնել եւ ազատորեն քվեարկել նրա օգտին, ում խիղճդ է թելադրում՝ մեղմորեն առարկում եմ ես։ «Չէ, թող փող ծախսեն, էդ էլ ա պատժի ձեւ»,- ասում է հնարամիտ հարեւանուհիս։

Մեկնաբանություն
X