Կասկած չկար

Մենք բոլորովին կասկածներ չունեինք, որ պատգամավոր-լրագրող վեճում իրավապահ մարմինները բռնելու են պատգամավորի կողմը, եւ պարզվելու է, որ Ռուբիկ Հակոբյանը Վահե Մակարյանին ոչ թե ծեծի է ենթարկել, այլ «փաղաքշել» է՝ ոչ մի մարմնական վնասվածք չպատճառելով։ Եվ քանի որ նրա գործողություններում «չկա հանցակազմ», ապա չի կարող քրեական գործ հարուցվել։ Երեկ Հատուկ քննչական ծառայության քննիչն այս «բարի ավետիսը» հաղորդել է մեր լրագրողին՝ կրկին անգամ ապացուցելով, որ մեր երկրում չկա արդարադատություն, չկա անկախ քննչական ու դատական համակարգ եւ ընդհանրապես՝ իշխանություն։ Պարզապես այս որոշումը տխուր խորհրդածությունների տեղիք տվեց։ Իսկ եթե մեր դիմաց ոչ թե «անկախ» պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը լիներ, այլ Հանրապետականի կարկառուններից մե՞կը։ Իսկ եթե լրագրողի փոխարեն լիներ մի «անտեր» քաղաքացի՞, որի ծեծի պատմության մասին անգամ հարեւանները չէին իմանա։ Իսկ եթե ի պաշտպանություն մեր լրագրողի հանդես չգա՞ր լրագրողական համայնքն ու քաղաքացիական հասարակությունը։ Շարունակությունը դժվար չէ պատկերացնել․ գուցե արդեն մեր թերթն ու լրագրողը լինեին ամբաստանյալի աթոռին, կամ ծեծը թեթեւ մարմնական վնասվածքով ավարտված չլիներ։ Կամ էլ գուցե պատահարը շարունակություն ունենար, ասենք՝ տուժած կողմը հավաքեր իր ընկեր-բարեկամներին ու գնար արդարադատության չարածը «շտկելու»։ Մեր իշխանությունը եւ նրա կամակատար իրավապահներն ամեն ինչ անում են, որ մենք ապրենք բեսպրեդելի, սամասուդի, անարդարության երկրում, որտեղ «ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր», եւ որտեղ «ճիշտը երթալն է»։ Անիմաստ է անգամ հարցնել ռուբիկհակոբյաններին, վահրամշահինյաններին, աղվանհովսեփյաններին ու մյուսներին՝ ինչո՞ւ եք ապականում մեր երկիրը, այն վերածում արոտավայրի։

Մեկնաբանություն
X