Իմ երգիչների ներկայությունն էժան չէ` անկեղծանում է Մարտին Մկրտչյանի եւ Ռազմիկ Ամյանի պրոդյուսերը

>

Հայկական շոու բիզնեսում աստղերը երկար կյանք չեն ունենում, սակայն պրոդյուսեր Արմին Մովսիսյանը կարողացել է դիմակայել մարտահրավերներին եւ դաշտում է արդեն 15 տարի։ Միջազգային հարաբերություններն ուսումնասիրելուց եւ համալսարանն ավարտելուց հետո Մովսիսյանը չէր էլ մտածում անգամ, որ մի օր պրոդյուսերի աշխատանքը կընտրի։ Սկզբում առաջին քայլերն արել է հայկական ռեփ խմբի՝ «Հայ թիմի» հետ։

- Դուք արդեն 15 տարի է, ինչ դաշտում եք, նախկինո՞ւմ էր ավելի հեշտ աշխատելը, թե՞ հիմա։

  • Կարող եմ ասել, որ այն ժամանակ ավելի ոչ պրոֆեսիոնալ մակարդակ էր, պայմանավորվածություններն ավելի ընկերական հարթակի վրա էին, ես չեմ հիշում դեպք, երբ համերգի պայմանավորվածություն լիներ, եւ այդ ամենն արվեր պայմանագրով, այժմ կա պայմանագիր, ասեմ ավելին՝ բացի պայմանագրից, կա ստույգ երգչի եւ նվագախմբի պահանջ Rider, այսինքն, ըստ իս՝ այժմ աշխատելն ավելի լավ է, քանի որ ավելի պրոֆեսիոնալ է։ Բացի այդ, պայմանավորվածություններն անում են հենց երգիչների հետ, որը, կարծում եմ՝ ավելի քան ոչ պրոֆեսիոնալ էր, իսկ այժմ կա պրոդյուսեր, մենեջեր, ում հետ տարվում են բանակցություններ եւ կնքվում պայմանագրեր։

- Արմի՛ն, ինչպե՞ս է սովորաբար շղթայվում արտիստ-պրոդյուսեր կապը։ Դո՞ւք եք առաջարկում համագործակցել, թե՞ Ձեզ են դիմում։

  • Սովորաբար երկու ձեւով էլ լինում է, բացառություններ չկան, երկկողմանի համաձայնության վրա է հիմնվում։

- Բավականին երկար ժամանակ է, ինչ դաշտում եք, ո՞րն է եղել ամենաերկար համագործակցությունն արտիստի հետ, եւ ո՞վ է եղել նա։

  • Ամենաերկար համագործակցությունը դեռեւս շարունակվում է․ Մարտին Մկրտչյանի եւ Ռազմիկ Ամյանի հետ եմ աշխատում արդեն 9 տարի։

- Ի՞նչ խնդիրների, դժվարությունների եք հանդիպում արտիստների հետ շփվելիս, լինո՞ւմ են հարցեր, որոնց շուրջ համաձայնության չեք կարողանում գալ։

  • Միասին աշխատելը հեշտ է այնքանով, որ արդեն 9 տարի է՝ մենք համագործակցում ենք։ Տարաձայնություններ լինում են միայն քննարկումների ժամանակ, սակայն որոշումն ընդունում ենք այնպես, որ բոլորիս էլ ձեռնտու լինի։

- Դո՞ւք եք որոշում, թե արտիստը որ միջոցառմանը պետք է մասնակցի, որին՝ ոչ, թե՞ որոշումներ ընդունելիս նրանք ազատ են։

  • Միայն ես, որոշում եմ՝ հարցազրույց տալո՞ւ են, թե՞ ոչ, որ լրատվամիջոցի հետ են խոսելու։ Նրանք ընտրում են իրենց երգերն ու կատարում դրանք, իսկ մնացած աշխատանքներով զբաղվում եմ ես։ Արտիստը պետք է զբաղված լինի ստեղծագործական աշխատանքով, կարծում եմ՝ ավելորդ հարցերով պետք չէ, որ զբաղվի։

- Միջոցառումների հրավերները շա՞տ են, եւ կասե՞ք, թե ինչ գումարների մասին է խոսքը։

  • Միջոցառումները շատ են, չեմ սիրում գումարի մասին խոսել, կասեմ միայն, որ իրենց ներկայությունն էժան չէ։ Հայկական շոուբիզնեսի վառ ներկայացուցիչների ներկայությունն առհասարակ էժան չէ։ Եթե համեմատենք արտասահմանյան երգիչների գումարներին, ապա հայկական գերպահանջված երգիչների գումարները պակաս չեն։

- Արդյոք հե՞շտ է հայկական շոուբիզնեսում աշխատելը, ի՞նչ խոչընդոտների եք այս տարիների ընթացքում բախվել։

  • Այո, կային դժվարություններ, քանի որ, ինչպես ասացի, երբ նոր էի սկսում աշխատել, պայմանագիր ասվածը չկար, իսկ ես ուզում էի, որ իմ երգիչներն ավելի պրոֆեսիոնալ ներկայանան, եւ պահանջում էի, որ յուրաքանչյուր պայմանավորվածություն լիներ միայն պայմանագրով․ շատ դժվար, բայց հասա իմ ուզածին։

- Խոսենք նաեւ հետագա պլանների մասին, ի՞նչ անակնկալներ են սպասվում Մարտինի եւ Ռազմիկի երկրպագուներին։

  • Անակնկալներ, բնականաբար, կան, անցյալ տարի Հայաստանում, ի ուրախություն մեզ, կայացավ Ռազմիկի մենահամերգը, այս տարի պլանավորում ենք Մարտինի մենահամերգը Հայաստանում, նախնական պայմանավորվածություններ կան համերգների Ամերիկայում, Ռուսաստանում եւ այլուր։ Այս տարի Մարտինն արդեն մեկ նոր երգ է ներկայացրել տեսահոլովակի տեսքով, դեռ 2 նոր երգ էլ ներկայացնելու ենք տեսահոլովակի տեսքով։ Ռազմիկը շարունակում է հեղինակային երգեր ներկայացնել, տարվա սկզբին ներկայացրինք «Շերամի գովք» երգը, որի տեսահոլովակը, կարծում եմ, մոտ մեկ ամսից կներկայացնենք, որից հետո հայաստանյան մենահամերգը եթեր կհեռարձակվի։ Մշտապես ասել եմ ու կասեմ՝ քանի դեռ աշխատում ենք, այդքան պետք է սպասեն անակնկալների։

Լիլիթ ՇԱԲՈՅԱՆ

Մեկնաբանություն
X