Հուրախություն Հանրապետականի

Հազիվ էինք ուրախացել, որ մենք էլ համախմբվելու, դաշինքներ կազմելու ունակություն ունենք՝ դեռ չձեւավորված դաշինքներն սկսեցին փլուզվել։ Նախ պարզվեց, որ Գագիկ Ծառուկյանի դաշինքը չի ձեւավորվում՝ ԲՀԿ-ականները կարծում են, որ ավելորդ «ուտող բերաններ» իրենց պետք չեն՝ ստացած մանդատները պետք է բաշխվեն միայն սրսուռ ԲՀԿ-ականների միջեւ։ Ապա սկսեց քանդվել Սեյրան Օհանյանի դեռ չձեւավորված դաշինքը։ «Մենք հայտարարում ենք, որ չեղած դաշինքից դուրս ենք գալիս»,- երեկ հայտարարեց Դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, ով, թվում էր, մեկ շանս ունի խորհրդարանում հայտնվելու՝ Օհանյանի դաշինքում ընդգրկվելը։ Ապա Արամ Սարգսյանը հաստատեց լուրերը, որ դաշինքների փլուզման պատճառը մեկն է՝ նախընտրական ցուցակը։ «Առաջին հերթին պետք է ձեւավորվեր խորհուրդ, որոնք կոնսենսուսային որոշումներ պետք է ընդունեին․․․ քննարկվեր՝ ո՞ր ծրագրով ենք մենք առաջնորդվելու եւ ի՞նչ ենք ուզում անել երկրում․․․ Մենք գտնում էինք, որ անհրաժեշտ է նաեւ իմանալ, թե ովքեր են ձեւաչափը կազմելու, ովքեր են լինելու ընդհանուր դաշինքի կազմում, դա նույնպես քննարկման առարկա չդարձավ․․․ ամբողջովին կենտրոնացած էին ցուցակի կազմման հարցի վրա, թե ով որքան տեղ կգրավի եւ այլն»։ Իսկ եթե ավելի բացենք փակագծերը, ապա պետք է նշենք, որ դեռ չձեւավորված դաշինքի ուժերի ղեկավարները կարծում էին, որ 7-10 մանդատ են ունենալու, ուստի ԱԺ մտնելու համար պետք է առաջին տասնյակում տեղ զբաղեցնել, բայց թեկնածուները շատ են՝ տեղերը սահմանափակ։ Ահա եւ նեղանալու, բաժանվելու, քննադատելու իրական պատճառը։ Լուրեր են շրջանառվում, որ դաշինքի լիդերների եւ «պապաների» ցանկությամբ առաջին տասնյակում «Համախմբման» ներկայացուցիչներն են՝ Վարդան Օսկանյանի թիմակիցները։

Մեկնաբանություն
X