«Եվրատեսիլ-2017-ի» աշխատանքները մեկնարկել են

«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի հայաստանյան պատվիրակ Արծվիկը ժամանել է Հայաստան՝ սկսելու մրցույթի նախապատրաստական աշխատանքներին մասնակցությունը: Այժմ մրցութային երգի ընտրության փուլն է. հաղթող է ճանաչվելու Հանրային հեռուստաընկերություն ներկայացված այն երգը, որը լավագույնս կհամապատասխանի երգչուհու կերպարին, ինչպես նաեւ մրցույթի ընդհանուր գաղափարախոսությանն ու ձեւաչափին: Այժմ Արծվիկն ակտիվորեն ներգրավված է երգերի ընտրության եւ փորձնական տարբերակների ձայնագրման գործընթացում:

Հիշեցնենք, որ մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին եւ 13-ին՝ Կիեւում: Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա մայիսի 9-ին՝ առաջին կիսաեզրափակչի ընթացքում: Նույն կիսաեզրափակչում Հայաստանի հետ կմրցեն Մոնտենեգրոն, Ֆինլանդիան, Վրաստանը, Պորտուգալիան, Բելգիան, Շվեդիան, Ալբանիան, Ավստրալիան, Ադրբեջանը, Կիպրոսը, Սլովենիան, Մոլդովան, Չեխիան, Լատվիան, Իսլանդիան, Հունաստանը եւ Լեհաստանը: Երկրորդ կիսաեզրափակչում՝ մայիսի 11-ին, ելույթ կունենան Գերմանիան, Ֆրանսիան, Ուկրաինան, Մակեդոնիան, Մալթան, Նիդերլանդները, Սերբիան, Դանիան, Ռուսաստանը, Ռումինիան, Հունգարիան, Ավստրիան, Իռլանդիան, Շվեյցարիան, Էստոնիան, Իսրայելը, Բուլղարիան, Սան Մարինոն, Լիտվան, Խորվաթիան, Նորվեգիան, Բելառուսը:

Ընդհանուր առմամբ, «Եվրատեսիլ-2017»-ին կմասնակցի 43 երկիր: Մրցույթն այս տարի կանցկացվի «Տոնենք բազմազանությունը» խորագրի ներքո, որը հիմնված է նախորդ տարվա «Միավորվենք» կարգախոսի վրա:

Մեկնաբանություն
X