Վերջ տանք հող տալ-չտալու վեճերին

Բավական է իշխանատենչության ու հանուն պաշտոնի, մեր ազգային միասնությունը խաթարող այս անպտուղ քարոզարշավի շրջանում հողեր տալ-չտալու հարցերը քննարկենք:

Սա նման է վտանգավոր այն վիճակին, երբ 1918 թվականին թուրքական բանակը Կարսի մատույցներում արդեն պարտվել էր, իսկ բոլշեւիկները, շեշտեմ՝ հա՛յ բոլշեւիկները, Թուրքիայի հետ բարեկամության ու քիրվայության կոչեր էին հնչեցնում: Արդյունքում՝ բանակի առաջնագիծը կազմալուծվեց, հայ հերոս զինվորի հոգեբանությունը խաթարվեց, նա հուսալքվեց, եւ հաղթած բանակը «սկուտեղի վրա» թուրքին տվեց Էրզրումը (Կարին), Կարսը, Օլթին, Սարիղամիշը: Հետո թուրքերը, բոլշեւիկյան կարմիր կամունարկաներով (զինգլխարկներով), հնգաթեւ աստղը ճակատներին, իրենց ճանապարհին սրի ու հրի մատնեցին ամեն ինչ: Գրավեցին Գյումրին եւ ընդհուպ մոտեցան Լոռուն: Հենց այդ ժամանակ էր, երբ Զորավարը Թիֆլիսի հայ ազգային խորհրդի երկու օր՝ գիշեր-ցերեկ տեւած նիստում չդիմացավ ու պոռթկաց. «Ես հասարակ գյուղացի եմ, իսկ դուք համալսարանական մարդիկ: Դուք կարդացած եք այս գրքերը (մատով ցույց է տալիս գրադարակներում շարված փառակազմ մատյանները): Ես չեմ կարդացած, բայց կճանչնամ հայ ժողովուրդը, կզգամ անոր ցավերը: Վաղն առավոտ ես կհագնեմ հասարակ զինվորի լաթեր, հրացանը կգցեմ ուսիս, կներկայանամ զորավար Նազարբեկովին եւ կմեկնեմ ճակատ ու պիտի մեռնեմ հոն՝ չտեսնելու համար այս խայտառակությունը: Շարունակեցեք ձեր բյուզանդական վեճերը մինչեւ արշալույս»:

Քարոզարշավի այս օրերին բուզանդական վեճերի փոխարեն առաջարկում եմ՝ հող տալ-չտալու հարցերը հրապարակայնորեն չքննարկել, փուչ դեմոկրատիա չխաղալ: Ի վերջո, 1990-ականներին Կամո, Ազատ, Գետաշեն, Մարտունաշեն, Արծվաշեն գյուղերը Շահումյանի շրջանի հետ աններելիորեն հանձնեցինք թուրքին եւ սահմանը հասցրինք մինչեւ այսօրվա սրախողխող արված Թալիշ գյուղ: Հետո՝ մինչեւ ո՞ւր կամ ինչի՞ դիմաց բարեկամություն անենք: Միեւնույն է, թուրքը հողի նկատմամբ անհագուրդ է, ինչքան տալիս ես, ինչքան զիջում ես, այնքան ախորժակը բացվում է: Նրա գենետիկան, էությունը գրավելն ու կործանելն է: Սեպի նման խրված ենք թուրք-թուրանական ծրագրի կոկորդում: Հիմա՝ քարոզարշավի այս օրերին, եկեք ղարաբաղյան խաղաքարտը չշահարկենք, առանց այն էլ շահարկող շատ երկրներ կան: Իշխանություն, թե ընդդիմություն, եկեք այս հարցը քարոզարշավի օրակարգից հանենք, դեմոկրատիա չխաղանք: Առանց այն էլ դիմացի թշնամին հեռուստաէկրաններից ամեն ինչ տեսնում եւ ծրագրեր է մշակում: Թե չէ, կրկնում եմ, այս ամենը ճիշտ եւ ճիշտ 1918 թվականի անդրկովկասյան ռուսական ռազմաճակատի բոլշեւիկյան հայի եւ թուրքի բարեկամության կոչերին է նմանվում: Կոչեր, որոնք քայքայեցին մարտունակ ռազմաճակատը եւ կորստյան մատնեցին Արեւմտյան Հայաստանը: Եվ, վերջապես, ով ուզում է, թող գնա թուրքի հետ քիրվայություն անի, դա իր գործն է: Միայն թե՝ ոչ մեր ժողովրդի մեջ հակամարտություն սերմանելու հաշվին: Ինչը, ի դեպ, արդեն ծլարձակում է: Այս ճակատագրական ժամանակաշրջանում ոչ թե սուտ մարգարեներ են պետք, այլ սառը դատող հայրենասեր պետական այրեր: Ուրեմն քարոզարշավում վերջ տանք հողեր տալ-չտալու բյուզանդական փուչ ու անպտուղ սպեկուլյատիվ վեճերին:

Ռոբերտ ՄԱԹՈՍՅԱՆ

Մեկնաբանություն
X