Ականապատ դաշտ

Առաջադրման փուլի ավարտին մնաց ուղիղ երկու օր, սակայն քաղաքական ուժերը դեռ շարունակում են սպասեցնել լրագրողներին, ընտրողներին՝ հանրությանը։ Դեռ ձգձգում են ընտրությունների հետ կապված մանրամասների, հատկապես՝ ցուցակների հրապարակումը։ Հասկանալի է, որ մինչեւ վերջին վայրկյանը «բազառները» շարունակվելու են։ Դաշինքների եւ ցուցակների կազմման բանակցությունները դեռ չեն ավարտվել։ Երեկ, ճիշտ է, ամենասպասված դաշինքներից մեկը՝ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» միավորումն ազդարարեց իր մեկնարկի մասին․ հանդիսավոր պայմաններում թուղթ ստորագրեցին, իրար ձեռք բռնեցին, փորձեցին խուսափել լրագրողների հարցերին պատասխանելուց, թեեւ, ի վերջո, ինչ-որ հարցերի պատասխանեցին։ Բայց դաշինքաստեղծման այս ուրախալի իրադարձությունը, այնուամենայնիվ, այնքան էլ լուսավոր չստացվեց՝ դաշինքի երկու ներկայացուցիչները՝ Արամ Գասպարի Սարգսյանը եւ Վիկտոր Դալլաքյանը, հրաժարվեցին մասնակցությունից։ Ավելին՝ Վիկտոր Դալլաքյանը պատռեց բանակցողների դիմակը եւ խոհանոցային մանրամասներ հրապարակեց ստորագրումից 2 ժամ առաջ։ 2 օր առաջ նույնն արեց Արամ Սարգսյանը։ Դաշինքները, հատկապես ապաքաղաքական դաշինքները, այսպիսի բան են՝ վտանգավոր, ամեն րոպե պայթելու ունակ, ականներով լի։ Եթե մի տեղում են հավաքվել ոչ թե գաղափարակից ընկերներ, համախոհներ, այլ մանդատի հավակնորդներ, որոնց հետաքրքրում են միայն կազմված դաշինքի ստանալիք քվեների քանակն ու անցողիկ տեղը համամասնական ցուցակում, ապա նրանք ամեն րոպե կարող են լքել ցուցակի ընկերներին՝ նոր ցուցակի եւ ավելի նպաստավոր առաջարկների փնտրտուքով։ Պետք չէ նրանց մեղադրել։ Միայն համախոհների միավորման մեջ է հնարավոր փոխզիջումը, առավել արժանավորներին առաջ մղելու, կուսակցության հաջողությամբ բավարարվելու վարքը։

Մեկնաբանություն
X