Հին-նոր ցուցակ

Դեռ նախորդ ընտրություններից առաջ էին ասում, որ Հանրապետականը թարմացվելու է, նոր մարդիկ են հայտնվելու համամասնական ցուցակում։ Եվ ՄԻԱԿ-ի ջահելները, Մարգարիտ Եսայանը, Վահրամ Մկրտչյանը, Արփինե Հովհաննիսյանը, Շուշան Պետրոսյանը, Հրայր Թովմասյանը, Վաչե Գաբրիելյանը եւ էլի մի քանիսը 2012-ին հայտնվեցին ՀՀԿ ցուցակում, սակայն ՀՀԿ համամասնական ցուցակն ամբողջությամբ կազմվեց ՀՀԿ «ձայն բերողներից», «էլիտայից» ու «ծերուկներից»։ «Ջահելները» մնացին փոքրամասնություն, նաեւ արագությամբ ձուլվեցին «ահելներին» եւ ապացուցեցին, որ ոչնչով չեն տարբերվում նրանցից։ Հաջորդ 5 տարիներին ՀՀԿ-ն իրեն բնորոշ կերպարի մեջ ներկայացավ հանրությանը՝ կոճակ սեղմեց, հրահանգ կատարեց, սեփական գործերը կարգավորեց՝ երկրին ու հասարակությանը քոռ կոպեկի օգուտ չտալով։ Հիմա նորից եկել է ցուցակ կազմելու ժամանակը, եւ կրկին ՀՀԿ իդեոլոգները որոշել են մոլորեցնել մեր ժողովրդին՝ մի քանի փոփոխված անուններ ներկայացնել որպես գլոբալ փոփոխությունների երաշխիք, բարեփոխումների գրավական։ Անշուշտ, անտեղյակ մարդկանց կարող է թվալ, թե մշակույթի ժպտադեմ նախարար Արմեն Ամիրյանի հայտնվելը կամ Արփինե Հովհաննիսյանի՝ 2012-ի ցուցակի 41-րդ տեղից 2017-ի ցուցակում 3-րդ տեղը տեղափոխվելը, Մարգարիտ Եսայանի՝ 26-ից 8-րդ տեղում հայտնվելը որակական փոփոխությունների երաշխիք են։ Սակայն այս խոհանոցին քիչ թե շատ տեղեկացված անձինք լավ գիտեն, որ գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում։ Հին-նոր անձանցով, թարմացված կամ չթարմացված ցուցակով, միեւնույն է՝ Հանրապետականը ձախողվել է, երկիրը մտցրել փակուղի, վատացրել սոցիալական եւ տնտեսական վիճակը, իր կառավարման տարիներին ոչ մի հարց չի լուծել եւ ոչ մի հեռանկար չի ստեղծել, ուստի նա պետք է հեռանա։

Մեկնաբանություն
X