Րաֆֆու անակնկալը

ԿԸՀ ներկայացված ցուցակների մեջ, անշուշտ, շատ անակնկալներ կան, սակայն ամենամեծ անակնկալը, թերեւս, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի» համամասնական ցուցակում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի զբաղեցրած 11-րդ հորիզոնականն է։ Ենթադրվում էր, որ դաշինքի մաս կազմող ուժերի ղեկավարները պետք է գլխավորեն ցուցակը, եւ այդտեղ միակ անակնկալը կարող էր լինել նրանց հերթականությունը։ Սակայն Րաֆֆի Հովհաննիսյանը որոշել է կրեատիվ լինել եւ չլինել եռյակում։ Թվում է նաեւ՝ եթե խնդիր էր դրված ցույց տալ, որ կարեւոր չէ, թե որ տեղն ես զբաղեցնում, կարեւորը դաշինքի հաջողությունն է, ապա պետք է նախընտրեր զբաղեցնել վերջին հորիզոնականը, ինչպես ժամանակին արեց Արարատ Զուրաբյանը՝ զբաղեցնելով ՀԱԿ ցուցակի վերջին տեղը։ Բայց ամբողջ բանն այն է, որ այս տեղը Սամվել Բաբայանի «սեւագիր» ցուցակում առաջարկվել էր Վիկտոր Դալլաքյանին, ու նաեւ այդ պատճառով Դալլաքյանը մեծ աղմուկով, բացահայտումներով խզեց համագործակցությունը ձեւավորվելիք դաշինքի հետ՝ հայտարարելով, որ դաշինքային սկզբունքների փոխարեն ստվերային գործընթացներ են ընթանում: Զբաղեցնելով 11-րդ հորիզոնականը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը կարծես ասում է՝ եթե ինքը, որպես 2013-ին ժողովրդի կողմից ընտրված նախագահ, դեմ չէ անգամ այդ հորիզոնականին, ապա ամոթալի է, որ Վիկտոր Դալլաքյանն այդպիսի տեսարաններ սարքեց 11-րդ տեղի համար: Երեկ Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց նաեւ, որ Րաֆֆին իր ընտրությամբ է զբաղեցրել այդ տեղը, ըստ էության, 2-րդ հորիզոնականը զիջելով իրեն՝ Մարտիրոսյանին։ Սակայն պետք է հիշել նաեւ, որ Րաֆֆի Հովհաննիսյանն անցյալում հայտարարել է, որ պատգամավոր դառնալու ցանկություն չունի, նա նախորդ ընտրություններից հետո հրաժարական տվեց՝ իր տեղը զիջելով Թեւան Պողոսյանին:

Մեկնաբանություն
X