Երևանի վերակառուցումը

Համաձայն քաղաք-պարտեզի կառուցված պահանջների՝ քաղաքի տարածության 10-15 տոկոսը (9-10 քառակուսի մետր՝ մեկ շնչին) հատկացվում է ծառազարդման, հասարակական օգտագործման համար. պուրակներ, պարտեզներ, ճեմելիքներ եւ այլն: Այդպիսով քաղաքի տարածությունից անհրաժեշտ է 140 հեկտար հատկացնել ծառատնկման համար: Բնական է, որ սանիտարական եւ բարեկարգման միատեսակ պայմաններ ստեղծելու համար պետք է, ըստ հնարավորության, այդ կանաչները հավասարաչափ բաժանել քաղաքի տարածության վրա: Կարելի էր քաղաքի զանազան մասերում շինել մեծ թվով փոքր պարտեզներ, բայց պետք է նկատի ունենալ, որ առանձին այդ պարտեզներն ավելի քիչ դեր կխաղան քաղաքի զովության եւ խոնավության պահպանման գործում, քան ամփոփված կանաչը, որն իրենից ներկայացնելու է զբոսայգիների մի շղթա, ընդգրկելով քաղաքի կանաչի խոշոր մասը:

․․․Շրջանային զբոսայգին, որը երկու կողմից մոտենում է Կոմունարների այգուն, սպասարկելու է միաժամանակ ե՛ւ կենտրոնին, ե՛ւ շրջակայքին: Շրջանային զբոսայգու զանազան մասերում նախագծվում են փոքր հրապարակներ՝ մանկական խաղերի համար, շատրվաններ, ավազաններ եւ այլն: Բացի շրջանային զբոսայգուց, ծրագրվում են մի քանի զբոսայգիներ՝ շառավիղների ուղղությամբ, որոնք խաղալու են օդանցքների դերը, բերելով մաքուր օդ շրջակայքից քաղաքի կենտրոնը: Դրանց շարքում պետք է ընդգծել քաղաքի գլխավոր պողոտան՝ կանաչազարդ պարտեզներով-զբոսայգով, որ հատում է քաղաքը հյուսիս-արեւմուտքից հարավ-արեւելք՝ գրեթե տրամագծով:

Այդ պողոտան կազմվում է երկու նեղ փողոցների ի մի ձուլվելուց՝ Ռուբենի եւ Սպանդարյան ու նրանց շարունակությամբ կենտրոնից դեպի մյուս կողմն իր մեջ առնելով այն փոքրիկ թաղամասերը, որոնք ծածկված են բացառապես խարխուլ եւ փոքրիկ տնակներով: Այս պողոտան ծրագրում է թունելով միացնել Զանգվի ձորի հետ, որը ծածկված է հարուստ այգիներով: Բացառիկ գեղարվեստական տեսարանով Զանգվի ձորը՝ շրջապատված բազալտի ժայռերով, միանգամայն արդարացնում է կառուցելու այստեղ զբոսանքի մեծ պուրակ: Այս պուրակը նախատեսվում է տարածել Զանգվի երկու ափերին՝ միացրած կամրջով: Այս պուրակը պետք է սահմանակից լինի հիդրոկայանին, որի ջրվեժը պետք է հարստացնի տեսարանը: Այստեղ սկսվում է Զանգվի լիճը, որը կստեղծվի պատնեշի միջոցով. Զանգվի ջուրը կբարձրանա 26 մետր: Այդ պատնեշը կառուցվելու է Էջմիածնի ճանապարհի կամրջի մոտ:

…Գետառ գետը, որը դուրս է գալիս Նորքի ձորից եւ թափվում Զանգվի մեջ, հեղեղների ժամանակ աղետներ է պատճառում քաղաքին՝ հոսելով Ավանի բարձրավանդակներից եւ հեղեղելով քաղաքը, քանդելով կամուրջները, նույնիսկ՝ տները: Գետառի հունի կանոնավորելն անհետաձգելի խնդիր է, առանց որի լուծման անհնար է Երեւանի բարեկարգությունը: Համաձայն հատակագծի, նախատեսված է լայնացնել եւ տեղ-տեղ ուղղել Գետառի չափազանց անկանոն հունը, կառուցելով երկու ափերով քարե պատեր, որոնք միանալու են կամուրջներով:

Գետառի վերեւի եւ ներքեւի հոսանքների ափերը պետք է լինեն կանաչազարդված եւ ծառայեն իբրեւ փողոցներ, իսկ Գետառի միջին հոսանքը, անցնելով շրջանային զբոսայգով, իր մանր ջրվեժներով կնպաստի նրա գեղարվեստական տեսարաններին: Գետառը, անցնելով քաղաքի ամբողջ երկարությամբ, ամառվա ընթացքում պետք է նպաստի օդի խոնավության եւ տոթի մեղմացման: Քաղաքի հյուսիսային մասում զգալի տարածության վրա նախագծվում է կառուցել հանգստի եւ կուլտուրայի պուրակ, տեղավորված Քանաքեռի բարձրավանդակի վրա, ընդգրկելով այն բլուրների լանջերը, որոնք շրջապատում են քաղաքը հյուսիսից, արեւմուտքից եւ արեւելքից: Այս պուրակն աստիճանաձեւ զբոսայգով միանում է գեղարվեստական արվարձանի հետ:

Կառուցվող Ղռերի ջրանցքը հնարավորություն կտա քաղաքի շրջապատը ծածկել անտառով եւ ստեղծել այդպիսով վստահելի պատնեշ հյուսիսից եկող քամիների եւ փոշու դեմ: Այս անտառը կարող է լինել այնքան մեծ, որ կմիացնի մոտակա շրջանի գոյություն ունեցող խոշոր կանաչապատ տարածություններն արեւմուտքից՝ Զանգվի ձորի, արեւելքից՝ Կենդանաբանական եւ Գետառի ձորի մյուս այգիները, իսկ հարավից՝ Պետթատրոնի պարտեզը: Այս անտառը, միանալով շրջակայքի այգիների հետ, կազմելու է մի մշտական կանաչ գոտի, որը լիառատ կերպով ապահովելու է քաղաքին մաքուր եւ թարմ օդ:

Ա. Թամանյան. «Հոդվածներ, փաստաթղթեր»

Պատրաստեց՝ Արամ ՊԱՉՅԱՆԸ

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X