Ցուցակը՝ որպես լակմուսի թուղթ

Հանրապետականի համամասնական ցուցակն իրականում «մատնում է» Սերժ Սարգսյանի ճաշակը, աշխարհայացքը, սկզբունքները։ Մանավանդ առաջին տասնյակում ընդգրկված անձանց ցանկն ուսումնասիրելով՝ կարելի է ենթադրել, թե ով է ՀՀ գործող նախագահը, ինչ նախասիրություններ ունի։ Եթե «անցնենք» ցուցակի վրայով, կարող ենք արձանագրել, որ նա հատկապես սիրում է լեզվից ճարտար՝ ոչինչ չանող, բայց աշխատանքի իմիտացիա ստեղծողներին։ Նրանց, ովքեր դեմագոգության հրաշալի մասնագետներ են եւ ցանկացած նեղ վիճակից դուրս պրծնելու եզակի ունակություններ ունեն։ Նա նաեւ սիրում է հնազանդներին ու համեստներին, որոնք անվերապահորեն ընդունում են իր անձը, երկրպագում իրեն, ծառայում, երբ դրա կարիքը կա։ Նաեւ նրանց, ովքեր անսահման նվիրված են իրեն եւ պատրաստ են իր հրահանգով ջուրը նետվել, հրո ճարակ դառնալ։ Նա, թերեւս, սիրում է նաեւ ժպտերես, անշառ մարդկանց, որոնք իրականում գորշ են ու անդեմ։ Նրա «ընտրյալների» շրջանակում տեղ ունեն նաեւ անինքնասերներն ու անմեղսունակները, որոնք հանուն աթոռի, պաշտոնի, մանդատի պատրաստ են ստորանալ, կորցնել սեփական դեմքը, հասարակության կողմից արհամարհանքի արժանանալ, իշխանությանը հաճոյանալ, իսկ իշխանության թշնամիներին՝ խարազանել, միայն թե արդարացնեն իրենց վրա դրված հույսերը, վարձահատույց լինեն ստացած արտոնությունների, կարգավիճակի, վայելքների համար։ Նա անհասկանալի սեր է տածում դեմքը փոխած եւ սեփական սկզբունքներին դավաճանած անձանց նկատմամբ, որոնց իրենց շրջապատում, որպես կանոն, չեն հարգում։ Նա նաեւ ներողամիտ է իր դեմ գործած, իրեն վիրավորած մարդկանց հանդեպ, բայց միաժամանակ նաեւ կարող է դաժան լինել բոլոր նրանց նկատմամբ, ովքեր մտքում անգամ հանդգնել են դավաճանել իրեն։ Մի խոսքով՝ այս ցուցակը լակմուսի թուղթ է։

Մեկնաբանություն
X