Բրյուսելում Թրամփին խմբագրեցին

Անցյալ շաբաթավերջը նշանավորվեց ԱՄՆ-ի եւ Եվրոպայի միջեւ հարաբերությունների համալիր ճշտման հրապարակային քայլերով, որոնք առաջինն էին Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր: Մինչ Թրամփը շաբաթավերջին կնոջ հետ մեկնել էր Ֆլորիդա արշավ մղելու (Սպիտակ տնից բառացիորեն ասվել էր for campaigning), եւ իր նախընտրական արշավի հին, բարի ավանդույթներին չդավաճանելով, նորից ստախոսություններով ու մամուլի հետ պատերազմելով էր զբաղված, Թրամփի վարչակազմի մնացյալ բարձրաստիճան ղեկավարությունն ամբողջ կազմով Եվրոպա էր ժամանել: Շաբաթավերջին միաժամանակ Եվրոպայում էին փոխնախագահ Մայք Փենսը՝ տիկնոջ եւ դստեր հետ, պաշտպանության քարտուղար Ջեյմս Մատիսը եւ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:

Նրանց կարեւորագույն առաքելությունն ու ուղերձը Եվրոպային հավատացնելն ու հավաստիացնելն էր, որ ԱՄՆ կանգնած է Եվրոպայի, Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի կողքին: Մատիսը Բրյուսելում հայտարարեց, որ ՆԱՏՕ-ն տրանս-ատլանտյան համագործակցության եւ բուն ԱՄՆ-ի պաշտպանության եւ բարգավաճման երաշխիքն է, հետեւաբար որեւէ կասկած եւ տատանում չպետք է լինի ՆԱՏՕ-ի դաշինքին ԱՄՆ-ի նվիրվածության հարցում: Ռուսաստանում էլ ազդվել էին նրանից, որ Մատիսը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն պետք է էլ ավելի հզորացվի եւ Ռուսաստանի հետ էլ ուժի դիրքից խոսի: Թիլերսոնը Բաննում իր հերթին հավաստել էր ԱՄՆ շահագրգռությունը Եվրոպայի հետ հարաբերությունների զարգացման հարցում եւ հայտարարել էր, թե Ռուսաստանը պետք է պատասխանատվության ենթարկվի իր քայլերի համար: Վերջապես Մայք Փենսը հանգամանալից ելույթով Մյունխենում (ուր գումարվել էր Մյունխենի անվտանգության 53-րդ համաժողովը), այնուհետ Բրյուսելում՝ ԵՄ ղեկավարների հետ հանդիպմանը, ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, Ստոլտենբերգի հետ ասուլիսում նորից ու նորից հայտարարեց ու վերահաստատեց ԱՄՆ ամուր հանձնառությունը ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության հետ հարաբերություներում:

Քանի որ այդ հավաստիացումների մի մասը հնչում էր ասուլիսներին, լրագրողները լրագրող չէին լինի, եթե չհարցնեին, թե ինչպես է հանգուցալուծվելու Փենսի, Մատիսի, Թիլերսոնի հավաստիացումների եւ Թրամփի tweet-ների կամ հանրահավաքային ելույթների հակասությունը: Միեւնույնն է Թրամփն էլի ՆԱՏՕ-ից դժգոհում է, Brexit-ն է գովաբանում՝ համարելով, թե Միացյալ թագավորությունը ճիշտ է վարվել ԵՄ-ից դուրս գալով, քանի որ ԵՄ-ն մեծ հաշվով Գերմանիայի դոմինանտությամբ գործող մեքենա է:
Հակասությունների վերաբերյալ փոխնախագահ Փենսի պատասխանն ու մեկնաբանությունը դիվանագիտական էր: Փենսը ձեռնպահ մնալով Թրամփից արվող լրագրողական մեջբերումները մեկնաբանելուց, միանշանակորեն հայտարարեց, որ ինքը Եվրոպա է գործուղվել նախագահ Թրամփի կողմից ԱՄՆ վարչակազմի եւ նախագահի ուղերձները եվրոպացի գործընկերներին փոխանցելու առաքելությամբ եւ իրավասությամբ, ինքը դա էլ անում է եւ վերջակետ:

Մյուս կողմից սակայն, որպեսզի այնպիսի պատկեր չստեղծվի, թե Թրամփի եւ իր վարչակազմի միջեւ չկա կոորդինացում, եւ Փենսը, եւ Մատիսը Եվրոպայում բարձրաձայնեցին ՆԱՏՕ-ի անդամ երկրների կողմից իրենց ռազմական բյուջեները մեծացնելու պահանջը: Թրամփի կողմից ՆԱՏՕ-ի հասցեին արված բոլոր զազրախոսությունների մեջ, ռազմական ծախսերը ՀՆԱ 2%-ին հասցնելու հանձնառությունը կատարելու պահանջը, թերեւս, միակ առողջ կետն է, որը արժե կրկնել, ինչ էլ Թրամփի վարչակազմն անում է: Ի վերջո անհնար է հասկանալ, թե ինչու պետք է ԱՄՆ-ը Բուլղարիայի կամ Լատվիայի պաշտպանության համար ծախսի ավելին, քան Բուլղարիան կամ Լատվիան իրենք:

Թվում է, վերջնահաշվում, Թրամփը մի դրական գործ կանի՝ ՆԱՏՕ-ի բյուջեն եւ կարգապահությունը, հետեւաբար նաեւ ռազմական կարողությունը զգալի կմեծացնի՝ եվրոպացիներին դարձնելով սեփական անվտանգության համար ավելի մտահոգ եւ պատասխանատու: Իսկ ՆԱՏՕ-ի հասցեին Թրամփի մնացյալ զազրախոսությունները՝ թե այն ժամանակավրեպ կառույց է եւ այլն, կարելի է համարել ԱՄՆ վարչակազմի կողմից վերջնականորեն խմբագրված: Ճիշտ ինչպես գեներալ Ֆլինը դարձավ Սպիտակ տնից հեռացված:

Լուսինե Պետրոսյան

Մեկնաբանություն
X