Սկսվել է

Ստի, կոմպրոմատների, քրեական գործերի փուլ ենք մտել։ Տարբեր ատյաններում վեր են հանում անհնազանդ քաղաքական գործիչների «դոսյեները», մտածում, թե դրանցից որը դնեն իրավապահների սեղանին, որը «գցեն» մամուլ։ Տարբեր անձինք էլ մտմտում են ձայն բերելու, մրցակիցներին ոչնչացնելու, ընտրողներին խեղդելու-ճնշելու մեթոդները։ Մարզերից մեկում առաջադրված ընդդիմադիր թեկնածուն հետաքրքիր մանրամասներ պատմեց նախընտրական այս փուլից։ Նա համաձայնել է առաջադրվել մի տարածքում, որտեղ մի հայտնի բռնարար ու մարդ ծեծող տեղական իշխանիկ է առաջադրվել։ Մտածել է, որ մարդկանց մի հսկա զանգված զզվել է այս մարդահրեշից, եւ դժվար թե կամովին նրան ձայն տվողներ լինեն։ Հաշվել է, որ մի 20-30 տոկոսին կկաշառեն, մի 10 տոկոսին կվախեցնեն, եւ ինքը շանս ունի գոնե մնացածի 10 տոկոսի ձայնը տանելու։ Նախ սկսել է սեփական գյուղից։ Հերթով ծեծել է հարեւանների դռները, որ տեղեկացնի իր համարձակ մտադրության մասին։ Պարզվել է, որ մարդիկ այնքան վախեցած են, որ անգամ դուռը լիարժեք չեն բացում իր առաջ։ «Գնա, գնա՝ էն սրիկան կիմանա, որ ընդունել ենք քեզ, մուռ կհանի»,- ասել են համագյուղացիները։ Պարզվում է՝ Հանրապետականի այս թյուրիմացություն-թեկնածուն անգամ փող էլ չի բաժանում։ Մեքենայով շրջում է գյուղերով, պատուհանի ապակին իջեցնում, բարեւում ու հարցնում․ «Գիտեք, չէ՞, որ ընտրություններ են»։ «Այո, աղա, գիտենք»,- հնչում է պատասխանը։ «Գիտեք, չէ՞, ինչ պիտի անեք»։ «Իհարկե, աղա, գիտենք»։ Եվ վերջ։ Թե որն է այս վախի պատճառը, մեր հերոսը չգիտի։ Միայն դառը ժպիտով ասում է․ «Երեկոյան հայրս ասում է՝ չնեղանաս, կարող է ես էլ չկարողանամ քեզ ձայն տալ»։ Իշխանական թեկնածուն զգուշացրել է, որ եթե որեւէ գյուղում անգամ 10 ձայն մեկ ուրիշը տարավ, գյուղը բնաջնջելու է։

Մեկնաբանություն
X