Ապրիլյան պատերազմին մասնակցել են միայն զոհվածնե՞րը

>

Ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ սերժանտ, հակատանկային գումարտակի զինվոր Գեղամ Գաբրիելյանն առաջնագծում էր՝ Ջաբրայիլում: Դիրքեր է բարձրացել տագնապի ազդանշանով՝ ապրիլի 1-ին, եւ 100 օր մնացել: Հունվարի 20-ին զորացրվել է եւ երկու օր անց ներկայացել Էջմիածնի զինկոմիսարիատ: Այստեղ էլ իմացել է, որ պատերազմական գործողություններին մասնակցության փաստը զինգրքույկում ամրագրելու համար պետք է դիմում գրի: Դիմումը գրել է եւ մինչ օրս մնացել անպատասխան:

«Տղաս երեք անգամ գնացել է զինկոմիսարիատ, երեք անգամ էլ ասել են, որ հունվարին գրած դիմումների պատասխանը դեռ չեն ստացել»,-ասաց Գեղամի մայրը՝ տիկին Գայանեն: Նա զանգել է նաեւ ՊՆ թեժ գիծ: Այստեղից պատասխանել են, որ դիմում չեն ստացել: «Հիմա չգիտենք՝ որտե՞ղ են մեզ խաբում:Տղայիս նույնիսկ զորամասից են թուղթ տվել այն մասին, որ սահմանապահ է եղել, բայց ոչ մեկը դա հաշվի չի առնում»:

Գեղամ Գաբրիելյանը ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող է: Սոցիալական խնդիրներով ապրող ընտանիքը հույս ուներ, որ քառօրյա պատերազմին մասնակցելու հանգամանքը հաշվի առնելով՝ համալսարանի ղեկավարությունը կզիջեր ուսման վարձը: «Բայց ի՞նչ անի համալսարանի ղեկավարությունը, երբ դիմումը ձեռքից ձեռք է անցնում ու մնում անպատասխան»,-ասաց տիկին Գայանեն, ըստ որի՝ այդ քաշքշուկի մեջ է հայտնվել Ջաբրայիլից զորացրվածների զգալի մասը: «Կարող է հրամանատարների՞ թերությունն է․․․»,-ասաց նա:

Էջմիածնի զինկոմիսարիատում պարզեցինք՝ հունվարի 26-ին դիմումն էլեկտրոնային փոստով ուղարկվել է հանրապետական զինկոմիսարիատ, որտեղ էլ լռվել-մնացել է: Ու թեեւ, ըստ զինկոմիսարիատի աշխատակցի՝ պատասխանի համար սահմանված մեկշաբաթյա ժամկետը սպառվել է, բայց քանի դեռ հանրապետական զինկոմիսարիատից ոչինչ չեն ասել, իրենք էլ փոխանցելու բան չունեն:

«Հարցումներին, սովորաբար, բացասական պատասխան ենք ստանում: Ասում են՝ տվյալ զինվորը մարտական հերթապահության մասնակցել է, բայց մարտական գործողություններին՝ ոչ»,-ընդհանրացնելով՝ ասացին զինկոմիսարիատում:
Հարցին, թե այդ դեպքում ովքե՞ր են կենաց-մահու կռիվ տվել, եթե մասնակցությունը սոսկ հերթապահության բերումով է եղել, զինկոմիսարիատի աշխատակիցը պատասխանեց՝ երեւի միայն զոհվածները..:

Մի կողմից մտածում եմ, որ գործ ունենք դասական կաշառակերության հետ, մյուս կողմից էլ՝ հավատս չի գալիս: Չէ՞ որ կաշառակերությունն էլ բարոյականության որոշակի նորմեր ունի: Ինչպե՞ս կարելի է «բազար» բերել մահ ու արյուն տեսած, սարսափի միջով անցած, ընկեր կորցրած 20 տարեկան զինվորի ապրածն ու զգացածը: Ինչպե՞ս կասկածի տակ դնել նրա մասնակցությունը պատերազմին, երբ անգամ վիրավորումներ է ստացել… Մի՞թե սա է պետության գնահատականն իր զինվորին:

Սերոբ ՄԱՐՈՒԹՅԱՆ

Մեկնաբանություն
X