Հայ-թուրքական քննարկում Երևանում

Փետրվարի 17-ին Հայաստանի ֆրանսիական համալսարանում հայ-թուրքական հարաբերություններին նվիրված ուշագրավ քննարկում էր կազմակերպվել՝ համալսարանի, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան եւ «Երկիր» կոչվող ՀԿ-ի ուժերով:

Ներկա էին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան պրն. Ժան Ֆրանսուա Շարպանտիեն, Շվեյցարիայի դեսպանը՝ պրն. Լուկաս Գասսերը, այլ դիվանագիտական աշխատակիցներ, Հայաստանի քաղաքագիտական շրջանակներից Դավիթ Շահնազարյանը, Ալեքսանդր Իսկանդարյանը, Սերգեյ Մինասյանը ներկայացուցիչներ «Հրանտ Դինք», «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամների հայաստանյան գրասենյակներից եւ այլն:

Դահլիճում ներկա էին նաեւ զգալի թվով ուսանողներ, եւ թերեւս այդ հանգամանքը հաշվի առնելով՝ ելույթներն առանձնապես գիտական-հետազոտական-տեղեկատվական հարթությունում չէին, այլ ավելի մարդկային շփման, կարծիքների փոխանակման:
Միջոցառումը երկու հատվածից էր բաղկացած, երկրորդ հատվածում «Հրանտ Դինք» եւ «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամների, նաեւ Imagine կենտրոնի եւ Կովկասի ինստիտուտի ներկայացուցիչները ներկայացնում էին Թուրքիայի իրենց գործընկերների հետ իրականացվող ծրագրերը:

Դրանք շատ կարեւոր են, քանի որ Հայաստան-Թուրքիա շփումների հիմնական հարթակն են: Սակայն միջոցառման այցեքարտն առաջին հատվածն էր: Այդ հատվածի ելույթների համար հրավիրվել էին բանախոսներ Ֆրանսիայից, Թուրքիայից եւ Հայաստանից: Ֆրանսիայից ժամանել էին մեր հայրենակիցներ տիկ. Տալին Փափազյանը՝ Փարիզի Սիանո-Պո համալսարանից, եւ պրն. Ֆիլիպ Կալֆայանը՝ Փարիզ 2 համալսարանի Մարդու իրավունքների կենտրոնից: Թուրքիայից ժամանել էին պրն. Ալի Բայրամօղլուն՝ Ստամբուլի Կուլտուր համալսարանից, եւ Ստամբուլի Անատոլիական հետազոտությունների ֆրանսիական համալսարանի տնօրեն Ժան Ֆրանսուա Պերուզը: Հայաստանից Վահրամ Տեր-Մաթեւոսյանն էր՝ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտից, եւ Թաթուլ Հակոբյանը՝ Սիվիլնեթից:

Յուրաքանչյուր բանախոսի ելույթում Թուրքիայի իրավիճակը եւ հայ-թուրքական հարաբերությունները մի ասպեկտով էին քննարկվում: Միանգամայն ուշագրավ դիտարկում էր պրն. Կալֆայանի գնահատականը, որ Հայաստանի Հանրապետությունն իրավական առումով չի կարող լինել Թուրքիային փոխհատուցման պահանջ ներկայացնող սուբյեկտը, ինչը ճշմարտություն է՝ Հայաստանում դա ընդունեն, թե ոչ:

Նաեւ Վահրամ Տեր-Մաթեւոսյանի մի ճշտումն էր շատ հետաքրքիր, նա ասաց, դա տարածված սխալ է, թե հայ-թուրքական սահմանը փակվել է 1993-ին: Իրականում հայ-թուրքական միջպետական սահմանը երբեւէ չի էլ բացվել, որ 93-ին փակվեր: 1991-93-ին անցակետեր են բացվել, հատկապես Թուրքիայի տարածքով Հայաստան ցորեն ներկրելիս, ինչի համար թուրքական կողմին նաեւ վճարումներ են կատարվել: Հետեւաբար, կլիշեն, թե հայ-թուրքական սահմանը փակվել է 1993-ին, Արցախյան պատերազմում եղած ռազմական զարգացումների արդյունքում, առանձնապես ճիշտ չէ:

Եթե միջոցառումը փոքր-ինչ ինտերակտիվ լիներ, եւ դահլիճից էլ կարծիքներ, հարցեր հնչեին, գուցե հիշվող ավելի շատ դրվագներ լինեին: Սակայն, զարմանալիորեն, այդպես չէր, եւ դա մոդերատորի ակնբախ թերացումն էր։ Մոդերատորը մի լրագրող էր՝ «Նյուվել Դ’Արմենի» ամսագրից, որն ինքը մի քանի հարց ուղղեց բանախոսներին։ Դիցուք, Ստամբուլից պրն. Բայրամօղլուն հարցրեց, թե Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին թուրքական լրատվամիջոցները, TV-ները լուսաբանեցի՞ն այդ իրադարձությունը, դա ի՞նչ լսարան ունեցավ:

Նույնիսկ դահլիճում նստած ուսանողները, կարծում եմ, կիմանային, որ թուրքական տասնյակից ավելի առաջատար լրատվամիջոցների լրագրողներ ապրիլի 24-ին Հայաստանում էին, Սերժ Սարգսյանը նրանց հարցազրույց տվեց, Ծիծեռնակաբերդից էին ուղիղ ռեպորտաժներ Թուրքիայում հեռարձակվել, բոլոր հիմնական թուրքական թերթերն էին ընդարձակ հոդվածներ տպագրել, առաջին էջերին մեծադիր՝ «Հիշում ենք», «Ցավում ենք», «Ներեցեք» եւ նման արտահայտություններով: Իսկ թե այդ ամենը որքան լսարան է ունեցել կամ ինչ ազդեցություն՝ ո՞վ կարող է չափել: Գրողը տանի, ի վերջո, կարելի է լռել կամ փոքր-ինչ տեղյակ եւ իմաստալից հարցեր տալ, երբ դահլիճում ես, եւ տասնյակ մարդիկ են դա լսում:

Վերջապես, բոլոր բանախոսներին լսելուց հետո, ինձ հետաքրքրեց ոչ թե հնչած, այլ հատկապես չհնչած մի հարց. ինչպե՞ս պատահեց, որ ողջ միջոցառմանը չգտնվեց մի բանախոս, որը պետական մակարդակում հայ-թուրքական հարաբերություններին անդրադառնալիս մտաբերեր եւ հիշատակեր, հետո էլ՝ կուզի դրական, կուզի բացասական, գնահատեր իրողությունը, որ նախագահ Էրդողանի կողմից եւ 2014-ի ապրիլի 24-ին, եւ 2015-ի ապրիլի 24-ին, եւ 2016-ի ապրիլի 24-ին հայությանն ուղղված ցավակցության ուղերձներն են հնչել:

Երբեւէ նախկինում նման խոսք լսե՞լ էին: Որքան էլ Էրդողանի ուղերձներն անկատար կամ թերի լինեն, անգամ մանիպուլյացիաներ ներառեն, միեւնույն է, ինչպե՞ս կարելի է երեւույթը չնկատել: ԱՄՆ-ից եւ Թուրքիայից բացի կա՞ մեկ այլ երկիր, որի նախագահն ապրիլի 24-ին հայությանն է դիմում: Քանի՞ նման երկիր կա: Այո, նախագահ Էրդողանը բազմաթիվ սխալներ, անգամ հանցանքներ է գործում, որոնց մասին ճիշտ է խոսել, բայց սխալ է ուրիշ ոչինչ չտեսնել եւ չնշել: «Նայեք, որ Ձեր աչքի լույսը խավար չըլլա»,- ասում է Ասվածաշունչը եւ ոչ իզուր:

Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մեկնաբանություն
X