Աղքատության մեկ օրը

Հայաստանում 900 հազար մարդ աղքատ է, որից 300 հազարը՝ ծայրահեղ աղքատության շեմին: Հիշեցման կարգով ասենք, որ ծայրահեղ աղքատությունը մի իրավիճակ է, երբ մարդը հնարավոր է սովից մահանա, եւ այդպես էլ լինում է: Հայաստանում մոտ մեկ միլիոն մարդ աղքատ է՝ բնակչության գրեթե կեսից ավելին, եւ կարծես դա ոչինչ չի փոխում, ոչ մի հին ու նոր բան չի ասում, չի տագնապեցնում, չի զայրացնում:

Մինչ տարատեսակ մուտացիոն հյուսվածքներ միախառնվում են իրար, դաշինքներ կազմում՝ խոստանալով ընդդիմանալ ՀՀԿ-ի մենիշխանությանը, մինչ իրար մեջ գցում-բռնում են, թե ով ումից հետո է ցուցակում հայտնվելու, ով ում է նեղացրել, ով ում հետույքն է մտել, մինչ հասարակության մի ստվար մաս, անձնագրերը հանձնած, անասնական աղաղակով «հայու գենի» «մեծագույն ու բացառիկ» բնույթն է թմբկահարում՝ մտքերում գրավելով թե Ադրբեջանը, թե Թուրքիան, թե, ասենք, ինչու չէ՝ նաեւ աշխարհը, հենց այդ նույն ժամանակ աղքատները տառապելով մեռնում են, ինքնասպան են լինում, դպրոց չեն գնում, տաքուկ ու հարմարավետ տներում չեն ապրում: Այդ աղաղակի լեզուն չեն հասկանում:

Աղքատությունը վաղվա օր չի ճանաչում, քանի որ վաղվա օր չունի: Աղքատության համար միեւնույն է, թե դու քո երկրի գալիքն ինչպես ես պատկերացնում, ինչ հողերում, միեւնույն է այն զավեշտալի ապագան, որը միշտ էլ «եդեմական կյանք» է խոստացել: Եթե աղքատ չես, աղքատության հանդեպ սոլիդար լինել չես կարող, մինչդեռ աղքատության դրության մեջ հեռվից մտնելը կամ պատկերացնելը նույնպես գռեհկություն է: Աղքատությունն ունի ընդամենը մեկ օր, եւ իր համար այդ մեկ օրվա մեջ որոշվում է ամեն ինչ: Հայաստանում կա՞ աղքատությունը քայլ առ քայլ հաղթահարելու քաղաքական ծրագիր, դրան հասնելու քաղաքական հստակ ճանապարհ, որը չի խոստանում, այլ մտածում է:

Մի քանի աստիճան է մնացել, ու դրանից հետո խոսելու ենք ոչ թե աղքատությունից, այլ բացառապես մահերից ու կորուստներից: Եվ արդեն այդպես է: Վստահաբար, ոչ այս խայտառակ ու պաթետիկ իշխանությանը, ոչ էլ նորաթուխ դաշինքներին չի հաջողվի կանգնեցնել աղքատության տարաժամը: Չի հաջողվի, որովհետեւ քաղաքական մտքի անգաղափարայնությունը պարզապես թույլ չի տա:

Երկրում աղքատություն հաղթահարելը բոլոր առումներով գուցե ամենաբարդ գործընթացն է, ուստի չի կարող համանման բարդ գոյավիճակը հաղթահարվել ծայրահեղորեն պարզագույն, սնամեջ եղանակով՝ պոպուլիստական ազգայնականությամբ, մահվան հերոսություն քարոզող սենտիմենտալ ֆիլմերով ու երգերով: Վերջապես՝ ցինիզմով աղքատությունը չի նվաճվում, այլ նոր շիվեր է տալիս, հող է նախապատրաստում այն սերունդների համար, ովքեր հարստահարվելու են այդ պարզագույն, սնամեջ մտքի բացակայության ձեռքում, մի մտքի բացակայություն, որն անպատճառ փորձ է անելու ինքնապահպանվել ու գոյատեւել հենց աղքատության ու մահվան հաշվին:

Արամ ՊԱՉՅԱՆ

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X