Ճամփաբաժան

Մեզ մեղադրում են, որ ընտրություններից բացի այլ թեմաներով քիչ ենք գրում, նախընտրական քարոզչությունն ամբողջովին կլանել է լրագրողների, քաղաքական ակտիվ հանրության ուշադրությունը։ Իրոք, այս օրերին մենք հայտնվել ենք ընտրություններ կոչվող «հորձանուտում», որից դուրս ոչինչ չենք տեսնում, ոչինչ չենք լսում։ Սակայն այս փուլում գրեթե հնարավոր չէ այլ թեմաներով զբաղվել, այլ բանի մասին խոսել, քանզի մենք գիտակցում ենք, որ սրանք ճակատագրական ընտրություններ են մեր երկրի ու հասարակության համար։ Գիտակցում ենք, որ մեր առաջիկա տարիների կյանքն ու կենսակերպը սրանից է կախված։ Եվ ապրիլի 2-ին մենք պարզապես խորհրդարան չենք ընտրելու, այլ ընտրելու ենք մեր հետագա ուղին, մեր երկրի հետագա ընթացքը։ Սա քաղաքակրթական ընտրություն է։ Ընտրություն, որը որոշելու է, թե ինչպիսի հասարակություն, ինչպիսի երկիր ենք մենք ունենալու սրանից 5, 10, 20 տարի հետո։ Սա, այսպես կոչված, ճամփաբաժանի հասած հանրության հետագա ընթացքի, հետագա ուղու ընտրություն է։ Եվ այս փուլում սրա-նրա խնդրանքով, սրա-նրա ճնշման տակ, 10-20 հազար դրամի, անգամ հազարապատիկ ավելիի դիմաց կատարած ընտրությունը նույնն է, որ մարդն ընտրի մի 20 քայլից անդունդում հայտնվելու ճանապարհը։ Միանգամայն հասկանալի է, որ մեր հասարակության այն անդամները, որոնք փողի կամ այլ գործոնների ազդեցության տակ են քվեարկում, իրենց վատ կյանքն ու ընտրությունները միմյանց հետ չեն կապում։ Ինչպես միմյանց հետ չեն կապում խորհրդարանն ու երկրի ընթացքը, կառավարությունն ու մեր տնտեսության վիճակը։ Ինչպես իրարից չեն տարանջատում իշխանական կուսակցություններին եւ ընդդիմությանը։ Եվ քաղաքական գործիչների միակ առաքելությունն այս խառնաշփոթ իրավիճակի մեջ պարզություն մտցնելն է։

Մեկնաբանություն
X