Աբովյան փողոցի դուռը

_Տարիներ առաջ «Մեր քաղաքը» սյունակում գրել էի, նկարագրել Աբովյան 8 հասցեում գտնվող պատմական շենքի դուռը, որը շատ երեւանցիների համար սիրելի մոտիվ էր դարձել: _

Այժմ, հուրախություն բոլորիս, շենքում վերաբացվեց «Նոյյան տապան» գրախանութը, իսկ սիրելի դարձած դուռը հանվել-տեղափոխվել է՝ ռեստավրացիոն աշխատանքների նպատակով: Հուսով ենք՝ մի օր այն նորից կվերադառնա: Ստորեւ ներկայացնում եմ իմ «Դուռը» հիշողությունը:

Ես ուզում եմ պատկերել ու հիշեցնել Աբովյան 8 հասցեում գտնվող սեւաթույր շենքի պահպանված դռան մասին, որից ներս 1930-36թթ. գործել է Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջյանը: Դուռն այդ նույն անցյալի վեհությունն ու հյուսվածքն է, որից խրտնում էին ֆուտուրիստները, անցյալի ձեւն ըմբռնելու անհանգստությունն է, որ փողոցում կանգնեցնում է քայլերդ ու ստիպում երկար տնտղել նրա ժամանակը:

Վերջին դուռը: Շագանակին խփող, տեղ-տեղ դեղներանգ փայտե դուռը կանգնած է՝ ինչպես ծառերի ետեւից նայող վախվորած գազանիկ՝ տխուր մտքերով տարված: Երբ լուսանկարում եմ նրան, անցորդներից մի քանիսը կանգ են առնում, նայում ինձ, հետո՝ դռանը ու նորից շարունակում քայլել: Ես ուզում եմ, որ դռանը նայեն: Ուզում եմ հանկարծ գտնեն նրան, եւ գտածը լինի օրվա այն միակ բերկրանքը, որ կարող է փոխանցել արվեստը: Ուզում եմ պատահաբար փողոցով քայլելիս, որպես նոր մայրցամաք, հայտնաբերել Աբովյան 8 հասցեի շենքի դռան լուռ գեղեցկությունը եւ տանը գիշերով սուրճ խմել, տարվել նրանով՝ սիրահարված պինգվինի պես: Հետո որոշել պրպտել պատմությունը, իմանալ դռան ճակատագիրն ու վերջում քնել խաչերի վրա թառած՝ կտուցները հավերժության պարույրներին աղեղած թռչունների հետ:

Երեւի շատ բան եմ ուզում, որովհետեւ վախենում եմ, որ մի օր քաղաքում նոր մայրցամաքներ էլ չեն հայտնաբերվի: Քանի որ Վենետիկից սկսեցի, այնտեղ ամեն քայլափոխին հանդիպող անցյալի մաշված մարմար, առյուծի գլուխ, պարզ սալարկ մի նոր մայրցամաքի հայտնագործում էր: Եթե Երեւանի քաղաքապետն ազդեցություն կրած լիներ ֆուտուրիզմից եւ բանաստեղծություններ ձոներ նոր տեխնոլոգիաներին, էլեկտրականությանը՝ մերժելով անցյալի հիշողություններ արթնացնող ճարտարապետության նմուշները, գուցե, գաղափարական այդ կոնտեքստից ելնելով, ընկալելի թվար նրա վերաբերմունքը, բայց անցյալը վկայող ժառանգությունների ոչնչացումը գաղափարական ոչ մի ընդգծվածություն չունի: Մաշտոցի պուրակը՝ վկա:

Ոչնչացված պուրակի փոխարեն ոչ թե կառուցվելու են աշխարհը զարմացնող նոր տեխնոլոգիաներին համահունչ կառույցներ կամ ապագան փառաբանող աշտարակներ, այլ առեւտրի քառակուսիներ՝ երկաթե չորսուներով միմյանց զոդված գռեհիկ տուփեր:

Աբովյան փողոցի շենքերն ունեին հին դռներ: Ունեին: Մեկն եմ տեսնում: Աբովյան 8, Աղասի Խանջյանի շենքի դռներից մեկը, քաշված ստվերի պես՝ մռայլ, անհույս: Կամարի տակ՝ մարդկային դեմքով երկու թեւավոր արծիվներ, վերջին հավատարիմ պահապանների խիզախությամբ պաշտպանում են իրենց ժամանակն ու հիշողությունը: Աբովյանով անցնելիս մի պահ կանգ առեք շենքի մոտ, նայեք անցյալի դռանը, որ ամեն ակնթարթ հեռացվում է քաղաքից:

Արամ ՊԱՉՅԱՆ

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X