Հանրության ուժը

Որքան էլ որ փորձեն նսեմացնել ժողովրդի դերակատարությունը քաղաքական պրոցեսներում, իրականում՝ հանրային կարծիքից վախենում են, եւ հանրությունն է որոշում քաղաքական գործընթացների ուղղվածությունը։ Եվ դա հատկապես նկատելի է ընտրությունների փուլում։ Ինչո՞ւ են շատերը խուսափում տարածքներում առաջադրվելուց՝ անգամ նրանք, ովքեր մեծամասնականով «հաղթելու» մեծ փորձ ունեն։ Ինչքան էլ նրանք փող բաժանեն, ահուսարսափ տարածեն, միեւնույն է՝ ընտրությունների արդյունքում երեւալու է, թե որքան է հանրային վստահության մակարդակը նրանց նկատմամբ։ Ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանը խուսափում ակտիվ քաղաքական գործունեությունից եւ կուլիսային բանակցություններ վարում այս կամ այն ուժի հետ։ Որովհետեւ հանրային վստահության դեֆիցիտ ունի եւ մտավախություն, որ իր հետ կապված ուժերը եւս չեն վայելում հանրային համակրանք։ Այ, եթե Սեյրան Օհանյանի դաշինքը կարողանա ճեղքել չհասկացվածության պատը եւ բավարար քանակի քվե ստանա, Ռոբերտ Քոչարյանը եւս անմասն չի մնա քաղաքական գործընթացներին ուղիղ մասնակցելուց։ Ինչո՞ւ են այս տարածաշրջանում հետաքրքրություններ ունեցող գերտերությունները, հատկապես՝ Ռուսաստանը, հեռվից հետեւում մեր գործընթացներին, տակից աջակցելով ու հրահրելով որոշ ոչ իշխանական ուժերի։ Նրանք էլ են սպասում, որ տեսնեն, թե որ քաղաքական ուժն ունի բավարար հասարակական աջակցություն։ Եթե զգան, որ Սերժ Սարգսյանի եւ նրա ՀՀԿ-ի ռեսուրսը մեծ չէ, մի վայրկյան անգամ չկասկածեք, որ Հայաստանում իշխանափոխություն կլինի։ Այնպես որ՝ յուրաքանչյուր ընտրող, որ մեծ հանրույթի մի մասնիկն է, պետք է գիտակցի այս իրողությունը, գնահատի իր քվեի արժեքը եւ այն «քամուն» չտա, այլ ուղղի իր երազանքների իրագործմանը, իր պատկերացրած երկրի եւ իշխանության ձեւավորմանը։

Մեկնաբանություն
X