Հարկավոր չէ ապացուցել, որ տեղի ունեցածը ցեղասպանություն է

Թերեւս չկա հայ, որ ծննդյան օրից «ցեղասպանություն» բառը լսած չլինի եւ չտեսնի, թե ինչպես են ամեն տարի ապրիլին նույն խոսակցություններն սկիզբ առնում, ով կարտասանի, ով չի արտասանի «ցեղասպանություն» բառը: Թեեւ որեւէ հայ դժվար էլ ի զորու լինի բացատրել, թե «ցեղասպանություն» բառն օգտագործելը, անգամ ԱՄՆ նախագահի կողմից, ինչ է տալիս հայությանը, եւ ընդհանրապես ինչ են հայերն ակնկալում ցեղասպանության փաստի ճանաչումից: Այլեւս չասած, թե, դիցուք, ժամանակակից Թուրքիան համաձայնի Օսմանյան կայսրությունում Առաջին աշխարհամարտի տարիներին հայության դեմ գործադրված բռնությունները, տեղահանությունն ու բնաջնջումը կոչել ցեղասպանություն: Դրան ի՞նչ է հետեւելու, ի՞նչ փոխհատուցում կարող է լինել:

Բարեբախտաբար, գոյություն ունեն հայեր՝ գերազանցապես Սփյուռքում, ովքեր միջազգային հանրային իրավունքի ճանաչված մասնագետներ են եւ պատկերացնում են, թե զգացական դատարկախոսությունից այն կողմ, իրավական կամ իրավաքաղաքական դաշտում հայությանն ինչ քայլեր, ինչ դատական ատյաններ, ինչ արդյունքներ են հասանելի: Այդ հայազգի իրավաբաններից մեկը, թերեւս նաեւ ամենահեղինակավորն ու հայտնին Ֆիլիպ Րաֆֆի Կալֆայանն է: Նա միջազգային իրավական խորհրդատու է, Փարիզ 2 համալսարանի, նաեւ Ստրասբուրգի Մարդու իրավունքների միջազգային ինստիտուտի դասախոս եւ Միջազգային հանրային իրավունքի հետազոտող:

Պրն. Կալֆայանը Երեւանում էր Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան եւ Ֆրանսիական համալսարանի կազմակերպած հայ-թուրքական հարաբերությունների քննարկման առիթով:

- Պրն. Կալֆայան, շնորհակալություն այս հարցազրույցի հնարավորության համար: Գիտեք, ես այս հարցազրույցը Ձեզնից խնդրեցի, որովհետեւ Ձեր մի ֆրազն առ այն, որ Հայաստանն ինքնին չի կարող լինել Հայոց ցեղասպանության առնչությամբ Թուրքիային պահանջներ ներկայացնելու իրավասու կողմ, ինձ շատ հետաքրքրել է: Դուք ասում եք այն, ինչում ինքս միշտ համոզված եմ եղել, բայց Դուք դա ասում եք միջազգային իրավագետի դիրքից, եւ դրա համար ես Ձեզ ուղղվող շատ հարցեր ունեմ: Սկսեմ այս մեկից. ժամանակակից միջազգային իրավունքը ցեղասպանության հանցանքի դատական հետապնդման ի՞նչ ընթացակարգ է նախատեսում:

  • Ես, թերեւս, նախ մեկ-երկու իրողություն հստակեցնեմ, որոնք գործում են արդի միջազգային իրավական համակարգում, երբ առնչվում ենք գործված հանցանքների դատական հետապնդման խնդրին՝ ներառյալ ցեղասպանությունները, մարդկության դեմ հանցագործություները, պատերազմական հանցագործությունները եւ այլն: Այստեղ էական հանգամանքն այն է, որ քրեական իրավունքը կարող է գործադրվել միայն անհատի հանդեպ: Հետեւաբար, քրեական արդարադատության գործընթացում պարտադիր է, որ քրեական արարք կատարելու մեջ ամբաստանվող անհատը հասանելի լինի դատարանի ու դատավարության համար: Մինչդեռ Հայոց ցեղասպանության օրերից ամբողջ մի դար է անցել, եւ ոչ մի քրեական հանցագործ, ոճրագործ այլեւս ողջ չէ:

- Ներեցեք, բայց Իթթահատի կամ, ճշգրիտ լինելու համար՝ Իթթահատ վե թերաքիի (Երիտթուրքերի) առաջնորդները ժամանակին դատվել են օսմանյան դատարանում՝ իրենց գործած հանցանքների, այդ թվում՝ Օսմանյան կայսրության հայերի հանդեպ գործած հանցանքների ու կոտորածների համար: Այդ փաստը ոչինչ չի՞ նշանակում, դա իրավասու դատարան չի՞ եղել:

  • Ոչ, խնդիրն այդտեղ չէ: Իհարկե, դա եղել է իրավասու օսմանյան դատարան, ուղղակի Իթթահատի առաջնորդներն այնտեղ չեն դատվել հայերի ցեղասպանություն գործելու համար: Այդ դատավարության ընթացքում նրանց մի շարք մեղադրանքներ են առաջադրվել, ներառյալ՝ քրիստոնյաների զանգվածային կոտորածների մեղադրանքը: Այո, քրիստոնյաներն էլ այնտեղ հիմնականում հայերն էին, հույները եւ ասորիները, բայց այս բավականին ազատ եւ լայն ձեւակերպումը՝ «քրիստոնյաների կոտորած», չի բնորոշում տեղի ունեցածն անպայմանորեն որպես ցեղասպանություն կամ հաստատում ցեղասպանության փաստը:

- Շնորհակալություն հստակեցման համար, դա իրոք կարեւոր է ընկալել: Բայց այդ դեպքում այս ցեղասպանության իրողությունն ինչպե՞ս կարող է ապացուցվել:

  • Հարկավոր չէ ապացուցել, որ տեղի ունեցածը ցեղասպանություն է, որպեսզի դրա դիմաց փոխհատուցում ստացվի: Իրականում, հանցանքների որակումով չեն պայմանավորվում փոխհատուցումների բնույթը եւ շրջանակը:
    Այս հարյուր տարվա հեռավորությունը, գործնականում, արդարության հասնելու մի հնարավորություն է թողնում, դա փոխհատուցումների ուղիով շարժվելն է: Այն է՝ ապացուցել, որ կատարվել են ծանրագույն անիրավ գործողություններ (wrongful acts), որոնք միջազգային օրենքներով արգելված են եղել կատարման պահին, եւ դրանց համար պատասխանատվությունը վերագրելի է Օսմանյան կայսրությանը, այնուհետեւ Թուրքիայից պահանջել, որ կատարի փոխհատուցման իր պարտավորությունները:
    Դատական հարթությունը շատ սահմանափակ է նման իրավական սցենարի դեպքում, միակ ատյանն այդտեղ ՄԱԿ-ի միջպետական դատարանն է՝ ICJ-ն, Արդարադատության միջազգային դատարանը:

- Դա տարբե՞ր է ICC-ից:

  • Այո, անշուշտ, տարբեր է: ICC-ն Միջազգային քրեական դատարանն է, որը հիմնադրվեց 2002-ին, ավելի ստույգ՝ ICC-ի հիմնադիր փաստաթուղթը՝ Rome Statute (Հռոմի կանոնադրությունը), ստորագրվեց 1998-ի հուլիսին, բայց այն ուժի մեջ մտավ միայն 2002-ին, երբ նվազագույն անհրաժեշտ քանակով երկրների կողմից վավերացվեց: Այս դատարանը լիազորված է քննության առնել միայն իր կանոնադրության՝ ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարցերը: Սա քրեական դատարան է, իսկ, ինչպես ավելի վաղ նշեցի, քրեական իրավունքն այլեւս կիրառելի չէ Հայոց ցեղասպանության առնչությամբ: Հետեւաբար, ICC-ն իրավասու դատարան չէ:

Հայոց ցեղասպանության դեպքում իրավասու դատական ատյանն Արդարադատության միջազգային դատարանն է, ընդունված հապավումով՝ ICJ-ն: Սա ՄԱԿ-ի դատական ճյուղն է, հիմնադրվել է դեռ 1945-ին, եւ, ըստ էության, երկրները, որ անդամագրվում են ՄԱԿ-ին, իրենց ստորագրությունն են դնում ՄԱԿ-ի կանոնադրության ներքո, դրանով ճանաչում են նաեւ ICJ-ի լիազորությունը եւ իրավասությունները: Միայն պետությունները եւ ՄԱԿ-ի առանձին կառույցներ կարող են հայց ներկայացնել այս դատարան: Պետությունները կարող են դիմել վիճելի խնդիրներով, երբ երկու երկրների միջեւ առկա է վեճ, եւ երկուսն էլ հանձնառու են ընդունել ICJ-ի ցանկացած որոշում: Մյուս տարբերակը Խորհրդատվական կարծիքի համար ICJ-ին դիմելն է, սա կարող է արվել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի, Անվտանգության խորհրդի կամ այլ հատուկ հաստատության կողմից, որը նման լիազորություն ունի:

- Մենք բավարար հիմք եւ փաստարկներ ունե՞նք, որ կարողանանք վիճելի խնդրի (contentious issue) ընթացակարգով դիմել ICJ:

  • Այո, ունենք: Մենք կարող ենք փաստարկել, որ Օսմանյան կայսրության իշխանությունները կոպտաբար խախտել են օրենքները, որոնք ուժի մեջ են եղել եւ գործել են այն ժամանակ, Առաջին աշխարհամարտի տարիներին եւ նույնիսկ աշխարհամարտից առաջ: Այստեղ կարող է հղում արվել 19-րդ դարավերջից գործած Հաագայի կոնվենցիաներին, որոնք օսմանյան իշխանությունների կողմից ոտնահարվել են հայազգի քաղաքացիական անձանց պարագայում (Ցամաքային պատերազմի օրենքների եւ սովորույթների մասին կոնվենցիան (II), Հաագա, 29 հուլիս, 1899թ․, Convention (II) with Respect to the Laws and Customs of War on Land. The Hague, 29 July 1899)։

Այդ կոնվենցիայի պրեամբուլան կամ ներածական մասը սահմանում էր, որ «Մինչեւ պատերազմի օրենքների ավելի ամբողջական կոդեքսի ստեղծումը, Բարձր Պայմանավորվող Կողմերը ճիշտ են համարում հայտարարել, որ այն իրավիճակներում, որոնք չեն ներառվել իրենց կողմից հաստատված Կանոններում, ազգաբնակչությունները եւ պատերազմող կողմերը մնում են միջազգային իրավունքի սկզբունքների գերիշխանության եւ պաշտպանության ներքո, ինչպես բխում է դրանց՝ քաղաքակիրթ ազգերի միջեւ հաստատված կիրառումից, մարդասիրության օրենքներից եւ հանրային խղճմտանքի պահանջներից»: Օսմանյան կայսրությունն այս կոնվենցիայի կողմերից էր:
Անգամ 1878-ի Բեռլինի դաշնագրին կարող է հղում արվել, որովհետեւ այդ դաշնագիրը նախատեսում էր, եւ, հետեւաբար, Օսմանյան կայսրությունը դրանից բխող պարտավորություն ուներ պաշտպանելու հայ քրիստոնյաներին (հոդված 61), մինչդեռ նրանք դա չեն արել:

Այդուհանդերձ, այս վիճելի խնդրի (contentious issue) ընթացակարգով շարժվելու համար կան տեխնիկական խոչընդոտներ: Առաջին․ արդյո՞ք Հայաստանը, որպես պետություն, իրավազոր է այս դատարանին դիմելու եւ հայցելու մի վեճի լուծում, որը կապ ունի Հայաստանի հիմնադրումից առաջ եղած անիրավ գործողությունների հետ: Պատասխանն է՝ այո եւ ոչ, բայց չեմ ցանկանում հիմա կանխատեսելի լուծումների մանրամասների անդրադառնալ: Երկրորդ խոչընդոտը. ես վստահ չեմ, թե Թուրքիան առանձնապես կխանդավառվի Հայոց ցեղասպանության հարցը որպես վիճելի խնդիր ICJ-ի ատյանին հանձնելուց: Իսկ դա շատ բարդ է, որեւէ երկրի բերել այս դատարանի առաջ, առանց տվյալ երկրի համաձայնության:

Այդպիսով մնում է Խորհրդատվական կարծիքի համար ICJ-ին դիմելու տարբերակը: Դիմումը կարող է արվել Գլխավոր ասամբլեայի կամ Անվտանգության խորհրդի կողմից: Ուղղակի ICJ-ի առջեւ կարող է դրվել միայն ձեւակերպված մեկ հարց: Այժմ հարցի ձեւակերպման մի քանի տարբերակները գտնվում են իրավական քննարկման ներքո:

- Եվ այդ ամբողջ իրավական ջանադրության արդյունքն ի՞նչ կարող է լինել:

  • Իրավական ուղին եւ ընթացակարգերը կարեւոր են՝ ամրագրելու եւ հաստատելու համար հայերի հանդեպ Օսմանյան կայսրության կառավարության կողմից իրագործված հանցանքների փաստը եւ Թուրքիայի պատասխանատվությունը միջազգայնորեն դատապարտելի անիրավ գործողությունների համար՝ որպես փոխհատուցման պարտավորությունը հարկադրելու նախաքայլեր: Ներկայում թուրքերը չեն համաձայնում «ցեղասպանություն» տերմինի հետ, բայց նրանք ընդունում են կատարված գրեթե բոլոր հանցանքները, իհարկե, ջանալով դա բացատրել, արդարացնել պատերազմական իրավիճակի հանգամանքով:

Դատական գործընթացը կնպաստի ամեն կարգի վկայությունների եւ տվյալների կուտակմանն այն մասին, թե ինչ է կատարվել հայության հետ, եւ կատարվածն իր ընդհանրության մեջ ինչ ծավալների է հասել ու ինչ բնույթ է ձեռք բերել: Ի վերջո, կարեւոր է ունենալ ցեղասպանության ընդհանուր պատկերը եւ պատումը հնարավորինս ամբողջական տեսքով, թեեւ բուն «ցեղասպանություն» տերմինը կարող է իրավական առումով կիրառելի չլինել, նկատելով 1948-ի Ցեղասպանության կոնվենցիայի հետադարձ ուժ չունենալու հանգամանքը:

Սակայն նշվածից անդին պետք է գիտակցել, որ լոկ իրավական ճանապարհը լուծում չի տալիս, չի օգնում ցեղասպանության հետեւանքների հաղթահարման եւ փոխհատուցաման գործին: Նման նպատակադրման համար հարկավոր է քաղաքականության եւ իրավունքի միակցում: Հայերի եւ Թուրքիայի միջեւ վեճի վերջնական կարգավորումը եւ հաշտեցումը պահանջում են երեք հենասյուն՝ անկեղծ քաղաքական կամք, կատարվածի մասին երկուստեք ընդունվող նույնական պատում եւ նյութական ու բարոյական փոխհատուցման քայլեր:

Շարունակելի...

Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մեկնաբանություն
X