Գաղթը կշարունակվի

Երեկ մեզ տեղեկություններ էին հասել, որ իշխանությունը հրահանգել է դադարեցնել «ներքին միգրացիան»՝ մի ընտրատարածքից դեպի մյուսը տեղաշարժերը։ Խոսքն այն մասին է, որ ձայնի համար մրցավազքում որոշ ընտրակեղծարարներ իրենց ծանոթ-բարեկամներին վերահաշվառում են այն ընտրատարածքում, որտեղ առաջադրվել են ռեյտինգային ընտրակարգով։ Եվ մենք ուրախացած զանգահարեցինք ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանին, որպեսզի անձամբ նրանից ստանանք լուրի հաստատումը։ Պարզվեց՝ իզուր էինք ուրախացել, չկա նման բան։ Խոսքը ծրագրային ինչ-որ խնդրի մասին է, որն առաջիկա օրերին կլուծվի։ Ավելին, պարզվում է՝ այս օրերին մարդիկ ոչ միայն ակտիվորեն մարզից մարզ են տեղափոխվում, քաղաքից՝ քաղաք, գրանցվում ծանոթների ու անծանոթների բնակարաններում, որպեսզի ընտրության «նվիրական» օրը քվեարկեն իրենց «նախընտրած» թեկնածուի օգտին, այլեւ ուզում են առանց վերահաշվառվելու քվեարկել այլ տարածքում։ Դա էլ իրականացվելու է «մեկ պատուհանի սկզբունքով»՝ ծրագրային լուծմամբ։ Հիմա, փաստորեն, մարդիկ վերահաշվառվում են, այսինքն՝ Վայոց Ձորի գրանցումից դուրս են գալիս եւ Երեւանում են գրանցվում, իսկ քվեարկության համար այլ տարածքում գրանցվելու հարցը լուծվելու է հետագայում։ Բիչախչյանը մեր թղթակցին ասել է․ «Եթե անձը բնակվում է Երեւանի մի վարչական շրջանում, բայց գրանցված է, օրինակ, Գորիսում, դիմում է ու հաշվառվում է ըստ բնակության վայրի, դա իրականացվում է, որեւիցե խնդիր չկա։ Խոսքը վերաբերում է նրան, որ անձը, գրանցված լինելով Գորիսում, ուզում է ընտրության օրը մասնակցել ըստ գտնվելու վայրի։ Հայտնում է մեզ՝ ես գտնվելու եմ Երեւանում, ինձ հիմնական ցուցակից հանեք, ընդգրկեք լրացուցիչ ցուցակ՝ խոսքը դրան է վերաբերում»։

Մեկնաբանություն
X