Երկու սորտի թեկնածուներ՝ Հանրապետականում

Պարզվում է՝ Հանրապետական կուսակցությունը տարածքներում առաջադրված իր թեկնածուներին, որին մենք ռեյտինգային ենք անվանում, սորտավորել է։ Յուրաքանչյուր տարածքում կա անցողիկ կամ, այսպես կոչված, «բարձրակարգ» 2, 3, 4 թեկնածու եւ մնացածը, այսինքն՝ չանցնող կամ երկրորդ սորտի թեկնածուներ, որոնք առաջադրվել են օրենքի պահանջը կատարելու ու անցնողների համար համապատասխան ֆոն ստեղծելու համար։ Ըստ այդմ, բավականին տարբերվում են առաջին եւ երկրորդ սորտի թեկնածուների իրավունքները։ Եթե առաջինները կարող են լիուլի փող ծախսել, փող բաժանել, քարոզչություն անել, թռուցիկներ ու բուկլետներ տպել-բաժանել, անսահմանափակ թվով շտաբներ բացել, ապա երկրորդ խմբի իրավունքները խիստ սահմանափակ են։ Նրանց արգելվել է անհատական բուկլետներ տպել, քարոզչություն անել, հարցազրույցներ տալ, հանդիպումներ ունենալ։ Մի խոսքով՝ ակտիվ լինել։ Սրանց ասվել է, որ ձեր առաքելությունը ոչ թե ԱԺ մտնելն է, այլ ՀՀԿ-ի համար ձայներ ապահովելը՝ առանց առաջատարներին խանգարելու։ Երկրորդ սորտի թեկնածուների նկատմամբ դաժան վերահսկողություն են իրականացնում առաջին խմբի անդամները, որոնք խանդով են վերաբերվում նրանց ակտիվությանը, քանի որ հասկանում են, որ նրանք իրենց բաժին քվեներն են տանելու։ Եվ ՀՀԿ-ական թեկնածուների միջեւ մրցակցությունը գնալով թեժանում է։ Սակայն, քանի որ երկրորդ խմբի մեջ հիմնականում պաշտոնյաներ են, նրանք նաեւ հասկանում են, որ պաշտոնը պահպանելու համար պետք է որոշակի քանակով ձայներ բերեն իշխող կուսակցությանը, ուստի սրանք փակուղու մեջ են հայտնվել եւ չգիտեն որն է աշխատել-չաշխատելու թույլատրելի սահմանը, որ եւ առաջատարներին չվնասեն ու նրանց թիրախը չդառնան, եւ կուսակցության ակնկալիքներն արդարացնեն։

Մեկնաբանություն
X